ԶԼՄ-ներին տուգանելու մասին նոր օրենքում ոչ հստակ ձևակերպումներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, դասախոս Վահրամ Միրաքյանը Armlur.am-ի հետ զրույցում, խոսելով ԱԺ-ում շրջանառության մեջ մտած ԶԼՄ-ներին տուգանելու նոր օրենքի նախագծի մասին, ասաց.

«Սոցիալական ցանցերը փոխում են հանրային հաղորդակցությունը, մարդկանց սոցիալական ստատուսը սոցիալական ցանցում արդեն ոչ միշտ է թելադրում հաղորդակցության կանոններ, դրանից ելնելով էլ, գիտությունների դոկտորը կամ, ասենք պատգամավորը կարող է սոցիալական ցանցերում հանդիպել կոշտ շփման, ինչը շատ դեպքերում տհաճ է: Կարծում եմ մասամբ վերոնշյալի պատճառով օրենքի կողմնակիցներ կան»:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը նախատեսում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել Facebook  սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:

Միրաքյանի համոզմամբ ՝ բացի այդ, սոցցանցերի անանուն հաշիվները տեղեկատվական դաշտում «ոչ մաքուր» գործելու լայն հնարավորություններ են տալիս, ինչը հաճախ առընչվում է մարդու իրավունքների ու արժանապտվության թեմային:

«Մյուս կողմից էլ օրենքում ոչ հստակ ձևակերպումներ կան, որոնք կարող են տարբեր մեկնաբանությունների առիթ տալ: Կարճ ասած ՝  ինչ-որ մի բան պետք է արվի ոլորտի հետ, դա միանշանակ, բայց ինչքանով կոնկրետ այս քայլը հարցի դրական լուծմանը կբերի, դա դեռ պարզ չէ, քանի որ քննարկումը շարունակվում է»,- եզրափակեց դասախոսը:

Լիլիթ Լալայան




Լրահոս