Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի խոսնակը հաղորդագրություն է տարածել՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղի բնակչության կարիքները բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում։
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի վերաբացման եւ Աղդամի ճանապարհի բացման հարցերը եւ յուրաքանչյուր ճանապարհով մատակարարումների հետ կապված մանրամասները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու գործին աջակցել է նաեւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը եւ նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երեւանի եւ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման լուծում մշակելու համար։ Տեղում ներկայիս հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է։ Տեղի բնակչության կարիքների բավարարման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը հրամայական է», – նշված է հայտարարությունում։
Ըստ հայտարարության՝ Եվրոպական խորհրդի նախագահն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը «կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման եւ Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»։
«Այս քայլերի հաջորդականությունը եւ բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաեւ դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքում: ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալ համաձայնագրերի եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշման, եւ նշում է, որ մատակարարումների համար Աղդամի ճանապարհի օգտագործումը նույնպես կարող է լինել հրատապ եւ ամենօրյա հիմնական կարիքների ապահովման կոնկրետ եւ կայուն լուծման մաս», – գրված է հայտարարությունում։
Նշվում է, որ այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին՝ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո։
Նշենք նաեւ, որ շփումների ընթացքում ԵՄ-ն շեշտել է հակամարտության ժառանգությանն անդրադառնալու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծմանը նպաստելու համար:
«Այս առումով կարեւոր կլինի Բաքվի եւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջեւ երկխոսությունը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։ Ղարաբաղի հայերի եւ Բաքվի միջեւ երկխոսությունը վստահության եւ հուսալիության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաեւ տեղում ներգրավվածության առումով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով», – նշված է հայտարարությունում:
Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակի՝ վերոնշյալ բոլոր ջանքերի միակ նպատակն է ապահովել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների «անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող ողջ բնակչության»։
«Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ նաեւ հաշվի առնելով ներկայիս էսկալացիան», – գրված է հայտարարությունում։
Եզրափակելով՝ Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակը նշում է, որ ներկա իրավիճակի լուծում գտնելու համար ԵՄ-ն շփումներ է ունեցել տարբեր միջազգային դերակատարների հետ։
ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին կքննարկի Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։
Լսումներին իր փորձագիտական կարծիքը կներկայացնի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:
Իսկ Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման եւ մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա Ադրբեջանի կառավարության մտադրությանն առնչվող փաստերի մասին։
Լսումները կկայանան սեպտեմբերի 6-ին, կհեռարձակվեն հանձնաժողովի կայքում։
ԱՐՑԱԽԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ
Սեպտեմբերի 1-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են Արցախի ԱՆ-ից:
«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 երեխա, 9-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 97 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԳՆԱՑՔԸ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ
Գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։ Գյումրիից Վանաձոր ուղեւորության տեւողությունը 1 ժամ 32 րոպե է:
«Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի մարզպետարանից տեղեկանում է, որ գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է ժամը 07:30-ին, Վանաձորի կայարանում կլինի 09։00-ին: Էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԱՀ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին:
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին եւ պետական կառավարման այլ մարմիններին, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ԱՀ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին:
Երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար, ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։ Նշելով, որ մինչեւ Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ դրա հաղթահարումը եւ իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարեւոր նշանակություն ունեն:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Գուրգեն Ներսիսյանին երկրի համար բարդ ժամանակաընթացքում պետական կառավարման համակարգում պատասխանատվություն ստանձնելու համար եւ Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկն ընդունելու համար:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԾՐԱԳՐԻ
Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը թեեւ հայտ է ներկայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, բայց նա անգամ նախընտրական ծրագիր չունի:
Մարությանն իր սոցիալական էջերում պարբերաբար 2018թ.-ի ավագանու ընտրությունների իր նախընտական հոլովակներով է կիսվում՝ թե որքան ավտոբուսներ է քաղաքապետարանն այն ժամանակ ձեռք բերել, կամ քանի ապօրինի շինություն է քանդել. այլ կերպ ասած, միայն նախընտրական հին ծրագրով է «հպարտանում», բայց «սեւեր-սպիտակներ» թեզի հեղինակ նախկին քաղաքապետն առաջիկա ընտրություններին մասնակցելու համար նոր ծրագիր չի ներկայացրել երեւանցիներին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ քարոզարշավի սկզբից արձանագրել էր, որ նա բավականին փակ է, քարոզարշավի դուրս չէր գալիս, չէր շփվում երեւանցիների հետ, իսկ լրատվամիջոցներից, առհասարակ, խուսափում էր. միայն քարոզարշավի երրորդ օրը նա դժգոհություններից հետո որոշեց «արթնանալ» ու քարոզարշավ անել: Նախկին քաղաքապետը, սակայն, նախընտրական ծրագիր մինչ օրս չունի, հավանաբար, նա կա՛մ ժամանակ չի ունեցել նոր ծրագիր կազմելու, կա՛մ էլ պարզապես այնքան անլուրջ է մոտեցել ընտրական պայքարին, որ հարկ չի համարել անգամ նախընտրական ծրագիր ներկայացնել: