Թուրքիայի կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունից հետո կարող է արգելափակել քաղաքացիների մուտքը Youtube վիդեոհոսթինգ և Facebook սոցցանց. այդ մասին հայտնել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք վճռական ենք տրամադրված այդ հարցում և չենք թողնի մեր ազգին «յութուբների» և «ֆեյսբուքների» կամքին: Այդ կազմակերպությունները խրախուսում են լրտեսական գործունեությունն ու որևէ սահման չեն ճանաչում: Այդ իսկ պատճառով ազատության նման ընկալումն ընդունելի չէ մեր կողմից:
Կան կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկել այս հարցում»,-ասել է թուրք վարչապետը:
Համացանցի վերահսկողության վերաբերյալ վերջերս ընդունված օրենքը լայն լիազորություններ է տալիս Թուրքիային վերահսկել այն: Անկարան անգամ կարող է ստիպել իր քաղաքացիներին ջնջել իրենց կատարած հրապարակումներն ու փաստաթղթերը կամ պարզապես արգելափակել վերջիններիս մուտքը նշված կայքեր: