Սայլը եզներից առաջ էին դրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդիկ իրենց դժգոհության ձայնն էին բարձրացնում, քանի որ անտեղյակ էին այն ամենից, թե ինչ շինարարություն էր տեղի ունենում, արդյոք գես է կառուցվում, թե արագահոսն է վերականգնվում, թե՝ այլ բան: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` ավելացնելով, որ ցանկացած գործ ձեռնարկելուց առաջ պետք է առաջին հերթին ժողովրդին իրազեկել, հանրային քննարկումներ անել, մարդկանց կարծիքը հաշվի առնել ու նոր ձեռնարկել այդ ամենը:

Ըստ Լյովա Խաչատրյանի` այդտեղ ոռոգման համակարգի մի մասը չի գործում ու շարքից դուրս է գտնվում, ուստի՝ համայնքի մարդիկ ծակել էին այդ արագահոսը և ջուր են վերցնում, որ կարողանան ջրել իրենց այգիները: Վերջինս տեղեկացնում է նաև, որ այսօր հանդիպում է տեղի ունեցել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ ու ներկայացրել խնդիրը:

Ըստ նրա` Տարածքային կառավարման նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է խնդրի ուսումնասիրությամբ, համայնքի բնակիչներին պատկանող այգիների փոխհատուցման, ինչպես նաև՝ ոռոգման համակարգի վերանորոգման հարցերով և այլն:

Կառավարության ներկայացուցիչ, «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ տնօրեն Հովհաննիսյան Սամվելն իր խոսքում նշեց, որ գեսի կառուցումը չի հանգեցնի ջրի նվազմանը կամ ժողովրդին ջրից զրկելուն, չէ՞ որ գեսը ոչ թե ծախսում է ջուրը, այլ օգտագործում է այն: Այն, որ մարդիկ վախենում են, թե գեսի կառուցումից հետո կզրկվեն ջրից, կառավարության ներկայացուցիչը նշեց, որ արագահոսի տերը պետությունն է, իսկ պետությունը ջուր կտրամադրի ժողովրդին:

«Արագահոսը կմնա նույն վիճակով ու ժողովուրդը կօգտվի այդ ջրից»,- հայտնեց Սամվել Հովհաննիսյանը` ավելացնելով, որ իրենց պայմաններից մեկն այն է, որ եթե ապարանի ջրամբարում ջուր չեղավ, գես չի կառուցվելու:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ իր խոսքում համաձայվեց բանախոսների հետ` նշելով, որ հարցն այսքան արձագանք չէր գտնի, եթե ժողովրդին պատշաճ կերպով իրազեկեն այդ մասին: Ըստ նրա` գեսի կառուցումը ջրամբարի վրա բացասական ազդեցություն չի ունենա ու ջրի գույնը դրանից չի փոխվի:




Լրահոս