ԱԱԾ նախկին տնօրենի, վարչապետի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գաղտնալսման գործից 5 տարի անց. ուր են կատարողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում վերսկսվել է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է:

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու գցում տարիներով իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն:

Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում էր հայտնվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, որը հետագայում կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր: Այժմ կվերսկսվի այս մասով քննությունը: Թե ինչ ավարտ կունենա, թերեւս դժվար չէ կանխատեսել:

Նկատենք, որ սկանդալային գաղտնալսման ձայնագրությունից անցել է 5 տարի. ի՞նչ ունենք ԱԱԾ նախկին տնօրենի, ՀՔԾ պետի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 տարվա ընթացքում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, իրականացվել են օպերատիվ- հետախուզական աշխատանքներ, միջազգային կառույցներին դիմումներ են ուղարկվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ 5 տարվա մեջ չբացահայտեց գործը. այն Քննչական կոմիտեում դասվեց չբացահայտված գործերի շարքին: Քրեական գործով 5 տարի անց չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ եւ ո՛չ էլ հետախուզվող: Ասել է թե՝ քննիչները անգամ չկարողացան բացահայտել իրենց ղեկավարին գաղտնալսած անձին, ուստի այստեղ կասկածի տակ է պետք դնել ոչ միայն ՀՀ քննիչների ունակությունը, այլեւ կասկածներ հայտնել հայրենի իրավապահ համակարգի կարողության մասին:

Քնար Մանուկյան




Լրահոս