Այսօր «Դեմ եմ»-ի ակցիայի մասնակիցները ֆինանսների նախարարության մոտ արտահայտում էին իրենց բողոքի ակցիան` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի:
Շրջանառվող լուրերի համաձայն` կառավարությունը, հնարավոր է, պարտադիր վճարը դարձնի հարկային վճար, որը դարձյալ անընդունելի է ակցիայի մասնակիցների համար, ովքեր պահանջում են, որ նախարարն իջնի իրենց մոտ և բացատրություն տա:
Րոպեներ անց ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարը և խնդրեց ակցիայի կազմակերպիչներից մեկ-երկուսին բարձրանալ նախարարություն: «Դեմ եմ»-ի անդամները հրաժարվեցին` ասելով, որ նախարարն ու նախարարության մյուս աշխատակիցներն աշխատավարձ են ստանում իրենց վճարած հարկերի շնորհիվ: Աշխատակազմի ղեկավարն էլ ասաց. «Ինչո՞ւ պետք է նախարարն իջնի ու ամբոխավարությամբ զբաղվի»: