Կառավարությունն իրավունք կունենա հետ վերցնել իր կողմից ՀՈԱԿ-ին ամրացված գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասինե օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով կանոնակարգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ խնդիրն այն է, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացն օրենքով կանոնակարգված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործող օրենքը լրացվում է նոր 5.1-րդ հոդվածով, որի համաձայն՝ Կառավարության որոշմամբ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

Ըստ այդմ՝ Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը, իսկ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը: Կարեւորելով նախագծի ընդունումը՝ նա գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:




Լրահոս