Այսօրվա մամլո ասուլիսում հերթական զավեշտը գրանցվեց: Դերասանուհի Եվա Բաղդասարյանից հետաքրքրվեցին` նա՝ որպես իգական սեռի ներկայացուցիչ, առաջ գնալու, կարիերա ստեղծելու համար խոչընդոտների հանդիպե՞լ է:
Ապագա դերասանուհին հնչեցնում է զավեշտալի, միաժամանակ մտահոգիչ հայտարարություն. «Ես, լինելով ապագա դերասանուհի, չունեմ բարձրագույն կրթություն: Իսկ որտեղ գնում եմ, ինձ ասում են, որ պետք է դիպլոմ ունենամ բարձրակարգի: Կոչ եմ անում հեռուստաընկերություններին, որ սերիալները շատ լինեն, դրանք հիմա քիչ են, այսինքն` մեր դերասանները գործ չունեն, իսկ եթե սերիալներ շատ լինի, դերասաններն ավելի շատ գործ կունենան»:
Երբ ապագա դերասանուհուն ասացին, որ խոսքը վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչների՝ իրենց սեռի պատճառով խոչընդոտներ ունենալուն, նա ասաց, որ ինքը երբևէ նման խնդիրներ չի ունեցել:
Ցավալի է, երբ ապագա դերասանուհին իր կայացման ճանապարհը համարում է միայն սերիալը և կարծես թե տեղյակ չէ մասնագետների հիմնավոր բացատրություններին «գրդոնի» նման նկարահանվող ցածրորակ սերիալների բացասական ազդեցության մասին հանրության, հատկապես՝ մատաղ սերնդի վրա:
Միաժամանակ, սակայն, ապագա դերասանուհուն կարելի է հասկանալ. ցավոք, բացի սերիալներից, դերասանների մեծ մասը եկամտի այլ աղբյուր գրեթե չունի:
Սոնա Դավթյան