Հայաստան-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի որոշակի կուտակում ունի, կուտակում ունի նաև ԼՂ-ի շուրջ: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Կառավարության նախորդ նիստում տրված գնահատականներն այսօր չեն փոխվել:
Նա անդրադարձել է նաև վերջին շրջանի հեռախոսազրույցներին։
«Հեռախոսազանգերից առաջինը ՌԴ նախագահին է եղել, զանգեր են եղել նաև այն գործընկերներին, որոնք տեղեկացված չեն կամ նրբություններին տեղյակ չեն: ՌԴ նախագահն իրավիճակից տեղեկացված է. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է նախորդ դեկտեմբերից: Ցավոք, մեր վերջին զրույցից հետո իրավիճակը չի փոխվել, որպեսզի անհրաժեշտություն լիներ նոր խոսակցության»,- ասաց նա: