Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերին։
«Երբ եղան ադրբեջանական ուժերի կուտակումների մասին խոսակցություններն ու լուրերը, մենք սահմանի այդ հատվածներում ավելացրեցինք մեր պարեկների թիվը։ Մենք մեր տեսածը պարբերաբար հաղորդել ենք Բրյուսել։ Մենք նաև X-ում գրառումներ ենք արել` կոչ անելով բարելավել իրավիճակը և թուլացնել լարվածությունը։ Կարծես թե, մինչ այս պահը դա աշխատել է»,- նշել է Ռիտերը։
Ռիտերն անդրադարձել է նաև Իջևանում ԵՄ առաքելության օպերատիվ գրասենյակի բացմանը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա, որպեսզի դիտորդները օր ու գիշեր պարեկություն իրականացնեն Տավուշի մարզի սահմանային հատվածներում։
«Այսօր մենք Իջևանում բացել ենք Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գրասենյակը՝ Տավուշի մարզում պարեկություն իրականացնելու համար։ Մինչ այս պահը մենք այս մարզում պարեկությունը իրականացնում էինք Մարտունիի մեր գրասենյակի միջոցով։ Այստեղ հասնելու համար երկար ճանապարհ էինք անցնում, նաև քիչ էր պարեկների թիվը։ Հիմա, այստեղ ունենալով մշտական բազա, մենք կարող ենք օր ու գիշեր պարեկություն իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով»,- մանրամասնել է նա։
Մարկուս Ռիտերի խոսքով՝ այս շաբաթվա վերջում կբացեն ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբը Եղեգնաձորում։