Սեպտեմբերի 13-ին Հայաստանը նշում է բնության հատուկ պահպանվող տարածքների օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թ. սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը։

Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ: Արդյունքում երկրի ոչ մեծ տարածքում (մոտ 30 հազ. քառ. կմ) աճում են շուրջ 3800 տեսակի բարձրակարգ բույսեր, 428` հողային և ջրային ջրիմուռներ, 399` մամուռներ, 4207` սնկեր, 464` քարաքոսեր, բնակվում են 549 ողնաշարավոր և շուրջ 17200 տեսակի անողնաշարավոր կենդանիներ:

Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), որտեղ կենտրոնացված է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը: Ներկայումս հանրապետությունում գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 387054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը: ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենսաբազմազանությունը, բազմաբնույթ գեղատեսիլ լանդշաֆտային տիպերը, գիտական, տնտեսական մեծ պոտենցիալը, բնապատմական ժառանգությունը և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն են տալիս իրականացնելու գիտական ուսումնասիրություններ, տնտեսական և ռեկրեացիոն տարբեր ձևեր, ինչպես նաև էկոտուրիզմի տարբեր ձևեր, համակցված տուրեր և արշավներ:

Հայաստանում առկա բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են՝

3 պետական արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»), զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը.

4 ազգային պարկ («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք»), զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը.

232 բնության հուշարձան.

27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:




Լրահոս