Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նկատմամբ բռնություն գործադրողի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ գործով մաս կա անջատված, եւ իրավապահները փնտրում են պատվիրատուին: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Է. Ղազարյանին վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Ըստ նախաքննական մարմնի՝ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Էդգար Ղազարյանը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-11:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Եղբայրության փողոցի 16/2 շենքի բակում երկու անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները եւ ենթարկվել զննության: Արդյունքում քննչական գործողություններով պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք հանդիսանում են Առինջ գյուղի 48, 37 եւ 31 տարեկան բնակիչներ:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:
Այսպես, ձեռք բերված տվյալների համաձայն՝ 37-ամյա տղամարդը քննությամբ դեռեւս չպարզված շարժառիթով Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու՝ վերջինիս մարմանական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 31-ամյա համագյուղացու հետ մեկ այլ՝ 48-ամյա համագյուղացու օժանդակությամբ վերջինիս վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երեւան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող՝ Էդգար Ղազարյանի բնակության վայր, սպասել նրան: Նկատելով մոտեցող Էդգար Ղազարյանին՝ իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով աննկատ հարձակվել են նրա վրա, ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, եւ դիմել փախուստի:
2023թ. հունիսի 15-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ 37 եւ 31-ամյա տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 48-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի եւ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում իրականացրել են հսկողական աշխատանքներ: Արդյունքում բացահայտվել են, առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության, մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու մի շարք դեպքեր։
Այսպես, 2023 թ. օգոստոսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ստուգվել է 130-ից ավելի ՀՀ ներմուծված՝ հիմնականում վրացական պետհամարանիշերով ավտոտրանսպորտային միջոց: Ավտոմեքենաներից 16-ը հանձնված է եղել այլ անձի, ընդ որում՝ մի քանի մեքենաների դեպքում տրված են եղել նոտարական վավերացմամբ լիազորագրեր։ Նշված տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանման տարածք, այնուհետեւ ՊԵԿ մաքսային հսկողության գոտի։
Նշենք, որ իրավախախտումների վերաբերյալ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, եւ նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Հավելենք, որ Պետական եկամուտների կոմիտեն եւս մեկ անգամ հիշեցնում է, որ, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքում պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման եւ օգտագործման տակ, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով: Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են հայտարարատուի կողմից փոխանցվել այն անձին, որին սեփականության իրավունքով պատկանում է տրանսպորտային միջոցը, ինչպես նաեւ առանց մաքսային մարմնի թույլտվության եւ առանց մաքսային հայտարարագրի թույլատրվում է անդամ պետության ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը փոխանցել նրա ծնողներին, երեխաներին, ամուսնուն կամ կնոջը։ Նշված արարքների խախտումը, այդ թվում՝ նոտարական լիազորագրերի հիման վրա մեքենաների հանձնումը, նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի համաձայն, մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմեն Մարուխյանին մեղադրանք է առաջադրվել:
Նա 2023թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19:00-ից, մինչեւ փետրվարի 22-ը՝ ժամը 03:00 ընկած ժամանակահատվածը, ապօրինի մուտք է գործել Գավառ քաղաքի Ալեքսանդր Ղամարյան փողոցի 19 հասցեի բնակարան, որի ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել է 17 կտոր ոսկյա զարդեր, այնուհետեւ այլ անձանց միջոցով վաճառել «Վաղարշ եւ Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի աշխատակցին:
Բացի այդ, Արմեն Մարուխյանը եւ Կարեն Թոռչյանը 2023թ. մարտի 8-ին՝ ժամը 10:30-ից, մինչեւ մարտի 9-ը՝ ժամը 01:40-ը, ապօրինի մուտք են գործել Գավառ քաղաքի Գ. Միքայելյան փողոցի 6-րդ նրբանցք 7-րդ անցուղու թիվ 2 բնակարան եւ հափշտակել 120.000 ՀՀ դրամ գումար եւ ոսկյա զարդեր:
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՀԵՏ
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ոստիկանության Շենգավիթի բաժնում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 1-ի գիշերը Ա. Ավագյանը հարբած վիճակում վիճաբանել է մարմանավաճառների հետ ու սպառնացել Գայանե Մ.-ին:
Մարմնավաճառները դիմել են իրավապահներին, որից հետո Ա. Ավագյանին տեղափոխել են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ սկսվել է «կռիվ կինոն»: Ավագյանը բաժնում սկսել է աղմկել, ագրեսիվ վարք դրսեւորել, հարվածել ոստիկաններին, կոտրել բաժնի ապակին ու վնասել ձեռքը:
ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ
Սեպտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս» խանութի հարեւանությամբ, ավտոեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երեւանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են քաղաքացիները մարել, ապա ժամանած հրշեջները նախ՝ կանխել են կրակի տարածումը, ապա՝ մարել այն։
Ամբողջությամբ այրվել է մեքենայի շարժիչի հատվածը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երեւանի բնակիչ Կարեն Վարդանյանն է։