«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ հրապարակել էր հոդված՝ վիզա ստանալու հերթերի առաջացրած անհարմարությունների մասին: Մասնավորապես, շատ քաղաքացիներ, որոնք ցանկանում են ամենատարբեր նպատակներով մեկնել Հայաստանից, բախվում են վիզա ստանալու հերթերի եւ արժանապատվությունը նսեմացնող երեւույթների: Թե ինչեր են կատարվում վիզա կենտրոնների այս անսկիզբ ու անվերջ հերթերի հետեւում, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել է, սակայն ինչ է անում ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, դեռ բացահայտված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու, թե 4-5 ամիս «անշարժ» մնացող հերթերում սպասող քաղաքացիների խնդիրների լուծման, մասնավորապես՝ վիզաների տրամադրման գործընթացը հեշտացնելու եւ արժանապատիվ լուծում տալու համար ինչ գործուն քայլեր է անում ԱԳՆ-ն: Հարցմանն ի պատասխան՝ մեզ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ օտարերկրյա պետությունների կողմից մուտքի վիզաների տրամադրումը հանդիսանում է «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի» 5-րդ հոդվածով սահմանված հիմնական գործառույթներից մեկը, որն իրականացնելիս դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ, եւ որեւէ երկրի արտաքին գերատեսչություն իրավասու չէ միջամտելու այդ գործընթացին եւ անմիջական վերահսկողություն իրականացնելու լծակներ չունի:
«Այնուամենայնիվ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցանկացած պատեհ առիթով բարձրացնում է խնդրո առարկա թեման, որը հիմնականում վերաբերում է եվրոպական երկրների՝ մուտքի վիզաների տրամադրման ծառայությանը (այցելության օր ամրագրելը)՝ քաղաքացիներին առավել մատչելի, այսինքն՝ խելամիտ ժամկետում հասանելի դարձնելու համատեքստում: Վերոնշյալ հարցը բազմիցս քննարկվել է թե՛ ԵՄ կողմի եւ թե՛ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ս.թ. մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ՀՀ գերատեսչությունների գործընկերների հետ համատեղ հանդիպման ընթացքում: Ըստ նախարարության դիտարկումների եւ դեսպանությունների կողմից ներկայացվող հիմնավորումների, որոնք հիմնականում հաստատվում են պաշտոնական վիճակագրության տվյալներով, խնդիրները հիմնականում ծագում են ոչ թե մուտքի վիզա ստանալիս ընթացակարգերի, այլ ժամադրության օր ամրագրելու քայլում, որը, հետքովիդային ժամանակաշրջանից սկսած (2022թ. գարուն-ամառ), էապես վատթարացել է դիմորդների կտրուկ աճի պատճառով։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ նախորդ համադրելի տարիների (2018, 2019) համեմատ՝ մի շարք եվրոպական երկրների կողմից շենգենյան մուտքի վիզա տրամադրելու դիմումների քանակն աճել է 40-50 եւ ավելի տոկոսով, որին ոչ բոլոր դեսպանություններն են պատրաստ եղել իրենց կարողություններով եւ մարդկային ռեսուրսներով։ Որոշ դեսպանությունների հաջողվել է ժամադրությունների ընթացակարգը բարելավել, որոշներին՝ ոչ այնքան։ Հատկանշական է, որ ԵՄ անդամ երկրների դեսպանությունների աշխատակիցների համար հարցը նույնպես մեծագույն մտահոգության առարկա է։ Միեւնույն ժամանակ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու վերոնշյալ պայմանների բարելավման ուղղությամբ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել խնդրո առարկա թեման եւ իր իրավասությունների շրջանակներում շարունակելու է հետեւողական լինել՝ վիզաների տրամադրման գործընթացների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում»։
Այս երկարաշունչ պատասխանը ենթադրում է՝ դեսպանատների առջեւ ամբոխի նմանվող հերթերի, դրանց վերահսկողության ու կարգավորման հարցում ՀՀ ԱԳՆ-ն, մեծ հաշվով, իրավասություն չունի. միջազգային օրենսդրությունն է գործում: Հետաքրքիր է՝ ինչու այդ դեպքում Հայաստանում էլ չի գործում ՀՀ օրենսդրությունը նույն ուժգնությամբ եվրոպացիների նկատմամբ՝ բալանսավորելու իրավիճակը:
Ակնհայտ է, որ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացին բազմակի անգամ նվաստանում է օտարերկրյա դեսպանություններում, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անկարող է լուծել այդ նվաստացման հարցը: Սա ազգային արժանապատվության հարց է:
Հայաստանի գործադիր մարմնում ավագանու ընտրություններից հետո պաշտոնանկությունների տեսքով մի շարք փոփոխություններ են սպասվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում են մի քանի «կարկառուն» նախարարների հրաժարականները: Ըստ ՔՊ ներսում շրջանառվող տեղեկությունների՝ հրաժարական են ներկայացնելու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Մեր տեղեկություններով՝ իշխող քաղաքական թիմի ներսում մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, բայց՝ ընդամենը խոսակցությունների մակարդակով. վերջնական որոշումը կկայացվի ավագանու ընտրություններից հետո: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գնել Սանոսյանին փոխարինելու է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնը բաժին կհասնի ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանին, որը երկար ժամանակ կատաղի պայքար էր տալիս այդ պաշտոնի համար: Իշխող թիմն այս պահի դրությամբ Հակոբ Սիմիդյանին եւ Գրիգոր Մինասյանին փոխարինող դեռ չունի, բայց մինչ ընտրություն այս հարցն էլ կլուծեն: Ինչ վերաբերում է Գնել Սանոսյանին, ապա, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նրա եւ Արմեն Փամբուխչյանի համար նոր՝ «յուղոտ» պաշտոն է մտածել քաղաքապետարանում. նախատեսվում է, որ ավագանու ընտրություններից հետո նրանք պետք է զբաղեցնեն քաղաքապետի տեղակալների պաշտոնները: Սրանք այս պահին իշխանության ներսում եղած տրամադրություններն են, իսկ թե ինչով կավարտվեն գործընթացները եւ հետագա զարգացումները, ցույց կտա ժամանակը: Մենք առաջիկայում կհայտնենք:
Արցախում նախագահի նոր թեկնածուի մասով ակտիվ քննարկումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանական խմբակցությունները այս օրերին պարբերաբար հանդիպումներ են ունենում, փորձում են կոնսենսուսային թեկնածու գտնել, բայց դեռ չի հաջողվում այս հարցում համաձայնության գալ. տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ ԱԺ նորանշանակ խոսնակ Դավիթ Իշխանյանինը եւ պետնախարար Սամվել Շահրամանյանինը, բայց դեռ վերջնական թեկնածու չունեն: Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են փոխանցում, խորհրդարանական խմբակցությունները հակված են մեկ միասնական թեկնածու գտնել, որպեսզի նոր նախագահի ընտրության հարցն արագ լուծվի, բայց եթե համաձայնության չգան, չի բացառվում, որ խմբակցություններից յուրաքանչյուրն իր թեկնածուին առաջադրի: Նոր նախագահի ընտրության հարցով ԱԺ նիստը պետք է տեղի ունենա այս ուրբաթ՝ սեպտեմբերի 8-ին. սա նշանակում է, որ պատգամավորները քիչ ժամանակ ունեն որոշում կայացնելու համար։ Հավելենք, որ, ըստ ԱՀ Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ: Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը երկար ժամանակ պաշտոններ է զբաղեցրել Արցախում, համարվում է նախկին նախագահ Բակո Սահակյանի հավատարիմ կադրերից մեկը: Բակո Սահակյանը կարողացավ իր հեղինակության շնորհիվ իրավիճակը վերցնել իր ձեռքը ու այնպես անել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի:
Թիմային աշխատանքից խոսող Հայկ Մարությանի (որը լքեց Նիկոլ Փաշինյանի թիմը) ներկայիս թիմից մինչեւ ընտրություններ, կարծես թե, թիմ չի մնա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրար հետ քաղաքական որեւէ կապ չունեցող նախկին քաղաքապետի թիմում արդեն սկսվել է սեւերի եւ սպիտակների բաժանման գործընթացը: Մարությանը անթաքույց ցույց է տալիս, որ ունի իր սիրելիները եւ առանձնապես չի էլ ցանկանում քարոզարշավին տեսնել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից իրեն մինչ այս պահը անհայտ սեփական թիմի թեկնածուներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս կռվախնձորն է եղել պատճառը, որ քարոզարշավը մոտ 6 օր ուշ սկսվեց: Դեռ չձեւավորված թիմը, կարծես թե, սկսում է ճաքեր տալ: Հիմա ասեկոսեներից անցնենք փաստերի. ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ պայքարի սկզբնամասում Հայկ Մարությանի թիմից, սեփական դիմումի համաձայն, հեռացել են ավագանու երկու թեկնածուներ՝ Ավետիսյան Էլինան եւ Հակոբյան Ժիրայրը: Ինչու՝ հրապարակավ չեն ասում: