ՈՒՇԱՑԱԾ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաժարականի դիմում ներկայացրած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանել է, թե ինչու ավելի վաղ հրաժարական չի տվել, ինչպես նաեւ այն, թե ով է լինելու հաջորդ նախագահը:

 

Նախկին նախագահը գրառման մեջ մեկ անգամ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից վայր է դրել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ Ազգային ժողովին հղած հրաժարականի դիմումի հիման վրա՝ այդ եւ հարակից զարգացումների վերաբերյալ մի քանի հիմնական հարցի անդրադառնալով:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ նախկին նախագահը նախ խոսել է այն մասին, թե ինչու ավելի վաղ հրաժարական չի տվել.

«Քանի որ գործող սահմանադրական կարգավորումները ենթադրում էին, որ իմ հրաժարականի դեպքում պետք է միաժամանակյա նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպվեին, իսկ դրա իրագործման հնարավորությունը խիստ մշուշոտ էր, հատկապես՝ շրջափակման պայմաններում, ուստի ես նախաձեռնեցի, եւ Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ռազմական դրության ժամանակ խորհրդարանի կողմից ընտրել անցումային նախագահ մինչեւ գործող հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը: Սահմանադրության 168.1-րդ հոդվածն ուժի մեջ է մտել հուլիսին, որից հետո քանիցս մտածել եմ հարմար պահի մասին, սակայն կարեւոր արտաքին քաղաքական զարգացումների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ եւ որոշումս կայացրել օգոստոսի վերջին»,- գրել է Հարությունյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է տեղի ունենալու մինչեւ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը, Արայիկ Հարությունյանը նշել է, որ, Սահմանադրության   կարգավորման համաձայն, Ազգային ժողովի նախագահը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության նախագահի լիազորությունները, որը պարզապես մի քանի օրվա հարց է:

«Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաեւ այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը»:

Խոսելով հանրապետության հաջորդ նախագահի ով լինելու մասին՝ Հարությունյանը գրել է, որ այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի պատգամավորներին կոչ է անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով եւ չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների:

«Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ես դադարեցրել եմ իմ կուսակցական գործունեությունը եւ որեւէ առնչություն չունեմ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ: Ուստի որեւէ կերպ չեմ կարող եւ չեմ ցանկանում ներգրավվել Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձեւավորման գործում, եւ իրենք ամբողջովին ինքնուրույն կերպով կորոշեն իրենց մոտեցումները:

Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք չունենք միջամտելու այդ գործընթացին: Հորդորում եմ բոլոր քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածություն ցուցաբերել եւ առաջնորդվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ եւ ժողովրդավարական բարձր քաղաքական մշակույթով»:

 

 

 

 

 

ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել եւ ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է: Նաեւ սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ 2022 թվականի աշնանը Երեւանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, եւ քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»:

Այսպիսի կարծիք սեպտեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարցազրույց տալով իտալական La Repubblica թերթին, քննադատության ենթարկելով ՀԱՊԿ-ին։

Սակայն հետաքրքիր է, որ այսօր Փաշինյանի կառավարության գլխավոր անդամներից մեկը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կոչ է արել սեւ ու սպիտակ գնահատականներ չտալ գործընկերների մասին։ «ՄԵնք չպետք է սեւ ու սպիտակ գնահատական տանք այս կամ այն գործընկերոջ գործողություններին կամ աջակցության որակին»,- հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պետք է խորը վերլուծել եւ հասկանալ, թե ինչ դերակատարների ու գործողությունների պակաս կա։

Այսինքն՝ ստացվում է՝ կառավարության երկու ներկայացուցիչները նույն հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն։

Նշենք նաեւ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի մասին հայտարարությունները իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում տոնով անընդունելի են, Մոսկվայում ծայրահեղ դժգոհ են։ Այս մասին ՁԸհհ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններից եւ օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունից. դրանք իրենց տոնով եւ բովանդակությամբ անընդունելի են՝ նպատակ ունենալով սեփական սխալ հաշվարկների եւ սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնել»,- ասել է աղբյուրը։

Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասի տարածաշրջանից՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ  եւ հարեւան, բայց Երեւանը չպետք է դառնա Արեւմուտքի գործիքը՝ Ռուսաստանի Դաշնության դուրսմղման համար։

 

 




Լրահոս