«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը, որը կազմակերպել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի խոսքով՝ ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել համավարակից հետո համաշխարհային մակարդակով զբոսաշրջության ոլորտում ներդրումային միտումները, մարտահրավերները։
«Իհարկե, գլոբալ միտումներն են ներկայացվելու, բայց առանձին անդրադարձ է կատարվելու նաեւ Հայաստանին։ Սա շատ լավ առիթ է Հայաստանի ներդրումային հնարավորությունները, ծրագրերը ներկայացնելու համար։ Մենք շեշտը դնելու ենք մի քանի ուղղությունների վրա՝ մշակույթ, գաստրո, գինի, արկածային տուրիզմ»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։ Նա տեղեկացրեց, որ ֆորումին ներկայացվելու է նաեւ Համաշխարհային բանկի հետ մեկնարկող խոշոր ծրագիրը, որը նույնպես կարող է հետաքրքրել ներդրողներին։ Մասնավորապես, նախատեսվում է Հայաստանի տարածքում առանձնացնել կլաստերներ, գոտիներ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է լինելու զբոսաշրջային որեւէ ուղղության, օրինակ՝ Արենին՝ գինու գոտի, Գյումրին՝ մշակութային գոտի եւ այլն։ Առաջիկայում սպասվում է միջազգային մասնագետների այց Հայաստան, որոնք կկատարեն առանձնացված տարածքների համապատասխան ուսումնասիրություն, վերլուծություն եւ կներկայացնեն զարգացման տեսլական։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումին նախատեսվում է ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունների, այլ օտարերկրյա պետությունների զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների, օտարերկրյա եւ տեղական ներդրողների, միջազգային կազմակերպությունների, պետական, մասնավոր հատվածի մասնակցություն։ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ ակնկալվում է 150 հոգու մասնակցություն տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Էմիրություններից, եվրոպական երկրներից, Սենեգալից, Բահրեյնից, Ալժիրից, Մոլդովայից, Իրանից։ Ակտիվ մասնակցություն են ապահովելու նաեւ Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանությունները։
«Խնդիր է դրված ցույց տալ զբոսաշրջային ոլորտի հիմնական ներդրումային միտումները։ Կարեւոր է հասկանալ, թե ինչպես է փոխվել ներդրումային միջավայրը։ Գիտենք, որ քովիդը մեծ ազդեցություն է ունեցել զբոսաշրջության ոլորտի վրա, որն ամբողջ աշխարհում բավական տուժել է։ Այս համատեքստում մեր խնդիրն է Հայաստանը հնարավորինս ներկայացնել իր բոլոր կողմերով»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը։
Ֆորումի շրջանակներում նախատեսված են նաեւ սոցիալ-մշակութային միջոցառումներ Հայաստանի զբոսաշրջության ներուժը եւ գրավչությունները ներկայացնելու նպատակով: Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանը տեղեկացրեց, որ հյուրերի համար Հայաստանը բացահայտելուն ուղղված զբոսաշրջային ծրագիր է նախատեսված։ Նրանց համար հատուկ տուրեր են կազմակերպվելու։ Առանձին տուրերով ներկայացվելու է մշակույթը, գաստրոտուրիզմը եւ գինու զբոսաշրջությունը։
«Մենք նաեւ հյուրընկալելու ենք միջազգային մեդիա ներկայացուցիչների։ Ինչպես գիտեք, այս ուղղությամբ եւս Զբոսաշրջության կոմիտեն ակտիվ աշխատանք է տանում։ Այս տարվա ընթացքում արդեն առիթ ունեցել ենք տարբեր երկրների մեդիա ներկայացուցիչների, բլոգերների ընդունել Հայաստանում, ներկայացնել մեր երկրի զբոսաշրջային հնարավորությունները։ Ֆորումը եւս առիթ է մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատելու։ Այս անգամ մեր երկիրը կներկայացվի ոչ միայն արկածային, մշակութային, գաստրոտուրիզմի, այլեւ ներդրումների համար բարենպաստ միջավայր ունեցող երկիր»,-հավելեց Աննա Մարգարյանը։
ՎՐԱՑԵՐԵՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով, հաստատվել է վրացերենի ուսուցման առարկայական ծրագրերը՝ 8-րդ եւ 11-րդ դասարանների համար:
Հիշեցնենք, որ, ԿԳՄՍ նախարարի հրամաններով, հաստատվել էին նաեւ պարսկերենի, վրացերենի, թուրքերենի եւ ադրբեջաներենի առարկայական ծրագրերը, այս ուսումնական տարում գործընթացը շարունակելու համար անհրաժեշտություն կար հաստատելու միայն վրացերենի 8-րդ եւ 11-րդ դասարանների ծրագրերը:
Նշենք, որ տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը մշակելու համար ԿԳՄՍ նախարարությունը համագործակցել է համապատասխան մասնագետների եւ Երեւանի պետական համալսարանի հետ: Մշակված ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվել են դպրոցներում գործածության համար:
Տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է 2022-2023 ուսումնական տարվանից՝ որպես երրորդ օտար լեզու կամ առարկայական խմբակ:
Հիշեցնենք՝ մասնագիտական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ադրբեջաներենի եւ թուրքերենի ուսուցումը կազմակերպել բացառապես 10-12-րդ դասարանների սովորողների համար, իսկ վրացերենի եւ պարսկերենի ուսուցումը՝ միջին դպրոցի դասարաններից սկսած:
2022-2023 ուսումնական տարում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը իրականացվել է ՀՀ 33 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 13-ում՝ պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 13-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն:
Վերոնշյալ հաստատությունների մի մասում տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է խմբակի ձեւաչափով, որոշներում՝ 3-րդ օտար լեզվի:
Կան հաստատություններ, որոնցում ուսուցումն իրականացվում է եւ՛ 3-րդ օտար լեզվի, եւ՛ խմբակի ձեւաչափով: Խմբակի եւ 3-րդ օտար լեզվի ուսուցման դեպքում հաստատություն նոր մուտք գործող մասնագետը պետք է համապատասխանի «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին:
Համապատասխան մասնագետ ունենալու դեպքում ուսումնական հաստատություններն ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված ծրագրերով կազմակերպելու հարցում, որի մեկնարկի մասին անհրաժեշտ է գրավոր տեղեկացնել ԿԳՄՍ նախարարությանը:
«ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ» ԶԻՆՂԵԿՆԵՐ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ նրան հարցնելով՝ սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների այն զինղեկները, որոնք ունեն միջնակարգ կրթություն եւ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը չեն մասնակցել, դրանում դրական արդյունքներ չեն ունեցել, զրկվելու են դպրոցներում դասավանդելու իրավունքից, Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում միջնակարգ կրթությամբ քանի զինղեկ է աշխատում, նրանցից քանիսն է հայտ ներկայացրել մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանիսն է ազատվել աշխատանքից։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչները, այդ թվում՝ զինղեկները, ովքեր չունեն բարձրագույն կրթություն եւ չեն հայտագրվել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար, ազատվել են աշխատանքից:
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում միջնակարգ կրթությամբ զինղեկ չի աշխատում, կամավոր ատեստավորման համար հայտ ներկայացրել է 9 զինղեկ, 4 զինղեկ ազատվել է աշխատանքից»:
Քանի որ ատեստավորման հարցաշարերը չեն հրապարակվել, այլ միայն քննական թեստերի ուղեցույցները, քննական թեստերն էլ շատ խրթին են, դրանց պատասխանելու համար տրվող ժամանակը՝ շատ սուղ, ուստի դժվար չէ ենթադրել, որ կամավոր ատեստավորման համար հայտ ներկայացրած 9 զինղեկի մեծամասնությունը ատեստավորումից դրական արդյունք չի ունենալու եւ ազատվելու է աշխատանքից։ Սահմանամերձ Տավուշի հանրակրթական որոշակի թվով դպրոցներում բարձր դասարանցիները զինղեկ չլինելու պատճառով Ռազմագիտություն, Նախնական զինվորական պատրաստություն չեն սովորելու։
ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐՆ ՈՒ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե օգոստոսի 25-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի աշխատակիցները պետական բյուջեից ընդհանուր ինչքան պարգեւավճար են ստացել, նույն օրվա դրությամբ մարզի սոցիալապես անապահով, կարիքավոր բնակիչները պետական բյուջեից ինչքան դրամական օգնություն են ստացել։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «2023թ. օգոստոսի 25-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են պարգեւատրումներ` 50395.0 հազար դրամ: Տավուշի մարզի սոցիալապես կարիքավոր բնակչները 2023թ. օգոստոսի 25-ի դրությամբ պետական բյուջեից Տավուշի մարզպետի աշխատակազմի միջոցով ստացել են 48725.0հազ.դրամ»:
122 հազար բնակիչ ունեցող Տավուշի մարզի՝ սոցիալապես անապահով, հրատապ բուժման եւ այլ կարիքներ ունեցող բնակիչները պետական բյուջեից մոտ 2 միլիոն դրամով ավելի քիչ օգնություն են ստացել, քան համեմատաբար բարձր վարձատրվող 72 աշխատակից ունեցող Տավուշի մարզպետարանի աշխատողները՝ պետբյուջեից պարգեւավճար։ Կուշտը սովածին մանր է բրդում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ