ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում եւ Արցախում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական կողմը գրեթե ամենօյա ռեժիմով սադրանքների է դիմում Հայաստանի սահմանների ուղղությամբ, բացի դա, մեծացնում է ճնշումները նաեւ Արցախում:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանը, անդրադառնալով Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին, նշում է՝ Ադրբեջանը կցանկանա լայնամասշտաբ ռազմական գործողությունների գնալ, բայց միջազգային վերջին զարգացումները զսպում են նրա ախորժակը եւ թույլ չեն տալիս է՛լ ավելի լարել իրավիճակը:

-Իրականում Ադրբեջանը արդեն տեւական ժամանակ փորձում է բավական բարձր պահել լարումը: Իրենք անընդհատ հրապարակումներ են անում նոր էսկալացիայի, հնարավոր գործողությունների մասին՝ դեռեւս օգոստոսի կեսերիս սկսած: Տպավորությունն այնպիսին է, որ իրենք իրապես կցանկանան գնալ ռազմական գործողությունների՝ իրենց վարած քաղաքականության համաձայն  պատերազմի դաշտում ցանկանալով իրավիճակ փոխել, ապա դա թելադրել բանակցային սեղանի շուրջ: Այդուհանդերձ, որոշ զարգացումներ միջազգային առումով այլեւս թույլ չեն տալիս, որ իրենք առնվազն լայնամասշտաբ գործողությունների գնան, բայց իրենց ծրագիրը հստակ է: Վերջերս Ադրբեջանում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը, դրանից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն էր մեկնել Թուրքիա: Այդ ժամանակ Սոթքում սահմանային լարում կար, եւ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնեց, որ իրենք աջակցում են Ադրբեջանի արդարացիորեն մղած պատերազմին: Սրան զուգահեռ՝ նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էր Իրանում: Ավելի ուշ Իրանից վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, այն է՝ իրենք թույլ չեն տա նման զարգացումներ,  եւ, բնականաբար, այս ամենը նախազգուշացում էր, բայց, ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ իրենք կցանկանան գնալ իրավիճակի լարման ճանապարհով:

-Այսինքն՝ առաջիկայում ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններ հնարավո՞ր են, թե՞ Ադրբեջանը կսահմանափակվի միայն այսպես՝ իրավիճակի տեղային լարմամբ:

-Թեպետ տեղեկատվական-քարոզչական առումով իրենք փորձում են նման նախապատրաստություն տեսնել, սակայն հստակ տեղեկատվության համար պետք է օպերատիվ իրավիճակին տիրապետել զորքերի կուտակման, զինհամալրման ու այլնի մասին, որը, կարծում եմ, որեւէ փորձագետ չի կարող ունենալ, բայց միջազգային առումով ես դեռեւս տեսնում եմ, որ կան զսպաշապիկներ, եւ կանաչ լույսը դեռեւս չի վառվում: Այնուամենայնիվ, չեն բացառվում հետագա սադրանքները:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱԳԵՑԱԾ ՍԵՊՏԵՄԲԵՐ

Խորհրդարանականների մոտ ողջ սեպտեմբերը «հագեցած» կլինի գործուղումներով:

Սեպտեմբերի 4-7-ը Գերմանիա գործուղման կմեկնեն ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը եւ Քրիստինե Պողոսյանը: Իշխանական պատգամավորները Բեռլինում կմասնակցեն «Ճգնաժամին արձագանքելը եւ ժողովրդավարական կայունության ձեւավորումը, խորհրդարանների դերը» թեմայով քննարկմանը: Պատգամավորների գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կկատարի հրավիրող կողմը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 7-9-ը կգործուղվի Ֆրանսիա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար, իսկ սեպտեմբերի 24-26-ը Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստի աշխատանքներին, կրկին՝ Փարիզում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար ՔՊ-ական մյուս պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը սեպտեմբերի 13-16-ը կգործուղվի Փարիզ:

Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը եւս կգործուղվի Փարիզ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, կկատարվեն պետբյուջեի հաշվին:

 

 

 

ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում է, որ Բեգլարյանը իրեն չի համարում նախագահի դիրքի համար համապատասխան անձ:

«Պարզվում է՝ երեկ մի տելեգրամյան ալիք բացարձակ կեղծ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, տարբեր ներքին ու արտաքին ուժեր լոբբինգ են անում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ թեկնածության օգտին:

Կարող եմ միանշանակորեն պնդել, որ ընդհանրապես նման թեմա չեմ քննարկել որեւէ մեկի հետ, նույնիսկ այդպիսի գաղափար չի անցել մտքովս, քանի որ նման ցանկություն ո՛չ ունեմ, ո՛չ էլ ունեցել եմ: Իսկ արտաքին որեւէ ուժի հետ ինձ կապողները թող իրենց պատվիրատուների մասին մտածեն: Ես ձեր տեսակից չեմ, որ ներքին որեւէ հարց լուծելու համար արտաքին ուժի դիմեմ:

Ավելին կասեմ՝ ես ինքս ինձ չեմ համարում նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով: Ես պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս իմ ողջ կարողություններով, բայց յուրաքանչյուր ոք պետք է իրեն համապատասխան դիրքում ու միջոցներով ծառայությունն իրականացնի:

Ով էլ ընտրվի հանրապետության նախագահ՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ես պատրաստակամ եմ հնարավորինս աջակցելու նրան, որ հատկապես այս ծանրագույն շրջանում կարողանա Արցախն առաջնորդել մեր առջեւ ծառացած ահռելի մարտահրավերները պատվով հաղթահարելու ուղով:

Ես ինչի մասին եմ մտածում, ոմանք՝ ինչի»,- գրել է նա:

 

 

 

ՀԱՄԱԶԳԵՍՏ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալների եւ կալանավորների շրջանում նոր բունտ է հասունանում։ Կալանավորները հրաժարվում են գնալ դատարան։ Բանն այն է, որ Գլխավոր  դատախազությունը  պարտադրում է, որ դատապարտյալները հատուկ նախատեսված  համազգեստը հագնեն ու նոր ներկայանան դատարաններ՝ իրենց գործերով նիստերին մասնակցելու, սակայն վերջիններս հրաժարվում են  կրել նախատեսված հագուստը ու չեն ներկայանում դատական նիստերին: «Ժողովուրդ» օրաթերթը, իրավիճակով պայմանավորված, դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, գրություն է հասցեագրել ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնակատարին: Վարչության պետը գրությամբ բարձրացրել է 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացած դատական նիստին ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից սպորտային հագուստով ներկայանալու հանգամանքը (նիստի ընթացքում քննվել է դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ պետի որոշումը):  Բացի սպորտային հագուստով դատական նիստին ներկայանալուց, դատապարտյալը հայտարարել է, որ ինքն ընդունում է քրեական ենթամշակույթը եւ շարունակելու է ընդունել: Նշենք, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի 111-րդ կետի համաձայն՝ դատապարտյալներն ապահովվում են միասնական նմուշի հագուստով, որը կրում են պատժի ողջ ընթացքում՝ որոշակի բացառություններով: Գլխավոր դատախազության համապատասխան վարչությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ի թիվս այլնի, ապահովում է պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերում իրավական ակտերի պահանջների միատեսակ կիրառությունը: Դատապարտյալի կողմից դատարան սպորտային հագուստով ներկայանալու հանգամանքը հիմք ընդունելով՝ վարչության պետը ՔԿԾ պետի պաշտոնակատարին ուղղված գրությամբ առաջարկել է պարզել դատապարտյալին միասնական նմուշի համազգեստ հատկացված լինելու եւ քրեական ենթամշակույթն ընդունելու հանգամանքները»:

Այսինքն՝ կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող անձն իր վարմունքով ստիպել է ողջ համակարգի համար  խաղի նոր կանոն սահմանել: Տեսնենք՝ արդյոք քաղաքական բանտարկյալներին եւս դա կվերաբերի:

 

 

 

 

ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայից եւ ԵԱՀԿ-ից պատվիրակություններ կժամանեն Հայաստան:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ սեպտեմբերի 13-16-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը: Ֆրանսիայից ժամանող պատվիրակությանը կդիմավորի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Սեպտեմբերի 11-15-ը Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Գուստավո Պարալլեսի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությանը կդիմավորի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

 




Լրահոս