ԲԼՈԿԱԴԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՂ ՍԵՐՈՒՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը գրեթե 300 օր է՝ շրջափակման մեջ է, օրեցօր պակասում է սնունդը, իսկ արցախցին իր չհանձնվող տեսակով պայքարում է։ Պայքարի օրինակներից է արցախցի փոքրիկների ստեղծած այգին, որը նախկինում ծաղկանոց է եղել։ Ըստ արցախցիների՝ ժամ առ ժամ խորացող շրջափակման դժվարություններն արդեն հաղթահարելի են։

 

Արցախցի երեխաները, դպրոցական առօրյայից զատ, զբաղվում են այգեգործությամբ։ Արցախի թաղամասերի բնակելի շենքերի ծաղկանոցները վաղուց դարձել են բանջարաբոստանային այգի։

Արցախցի Անահիտ Արզումանյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմում է, թե ինչպես են իրենց բակի ծաղկանոցները վերածվել բերքատու հողամասի։ Նա խոսել է փոքրիկ այգեգործների հետ, պատմել, թե ինչպես են շրջափակված Արցախում զարկ տալիս սեփական նախաձեռնությանը եւ դիմագրավում շրջափակման մարտահրավերներին։

Այգեգործ եւ գաղափարի հեղինակ 14-ամյա Սյոմա Ավանեսյանը Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից է։ Հայրենի գյուղում ծնողներին օգնողի դերում էր, իսկ այստեղ արդեն սեփական նախաձեռնության տերն է։

Ծաղկանոցը բանջարաբոստանային այգի դարձնելու գաղափարը իրենն է, իսկ հետո գաղափարի իրագործման մասնակից դարձան նաեւ թաղամասի մյուս բնակիչները։ Սյոմա Ավանեսյանը պատմում է, թե ինչպես առաջացավ շրջափակման պայմաններում սեփական այգի ունենալու միտքը։

«Քանի որ շրջափակում է, եւ ինչ-որ մթերքներ պակասում են, դա է պատճառը, որ սկսել եմ զբաղվել այգեգործությամբ, բանջարեղեն եմ աճեցնում։ Ինձ օգնել են տատիկս եւ պապիկս, որ կարողանամ բանջարեղեն աճեցնել»։

Դպրոցական այգեգործի խոսքով՝ արդեն հասցրել է լոլիկ, վարունգ, կանաչիների տեսականի ցանել եւ նույնիսկ անդրանիկ բերքը համտեսել։ Ուրախ է եւ հպարտ, հպարտ են նաեւ իր ծնողները։ Ներկայումս դժվարություններ է առաջացնում միայն այգին ջրով մատակարարելու հարցը։ Սյոմա Ավանեսյանը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են բնակելի շենքի բարձր հարկերից խողովակով ջուր վերցնում ու այգին ջրում։

«Դժվարություն է դառնում հողամասը ջրելը, բայց մենք հարեւաններին խնդրում ենք՝ երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հարկերից՝ իրենց ծորակից ջուր են տալիս, եւ խողովակով ջրում ենք մեր բոստանը, իսկ մենք նրանց տալիս ենք մեր հողամասի բարիքներից»։

Այգին ընդլայնելու պլաններ ունի։ Սպասելու է մինչեւ վերջին բերքի հասունանալը, այնուհետեւ կրկին ոռոգելու է հողն ու թողնի հանգստանա մինչեւ հաջորդ տարի։ Սյոմայի բակի ընկերներից Մելսիկը Հադրութ քաղաքից է։ Հայրենի գյուղի կարոտն առնում է՝ այդ փոքրիկ ծաղկանոցում հողի հետ աշխատելով։ Լոբու սերմերը հայրն է տվել, ուղղորդել՝ ինչպես ցանի։ Շուկայից գնել է կանաչու սերմեր, իսկ վարունգի սածիլները գյուղի բարեկամն է տվել։ Նրա խոսքով՝ մինչ դասերի սկսվելը ողջ օրն անց էր կացնում բանջարանոցում, քաղհան անում (մոլախոտերից մաքրում հողակտորը), այգին մաքրում, ջրում եւ հիանում սերմերի՝ ծիլ տալու ընթացքով։ Դասերից հետո շտապում է բանջարանոց նույնիսկ այն դեպքում, երբ այնտեղ աշխատանք չկա անելու։ Մելսիկի համոզմամբ՝ շրջափակման պայմաններում սովորելը նրանը չէ, բանջարանոց ունենալն է ճիշտ։

Նշված այլընտրանքային միջոցները դեռ ամենը չեն, Սյոման եւ Մելիսկը շրջում են նաեւ հացի ու կաթի հերթերում։ Հերթ են կանգնում եւ իրենց բաժին հացն ու կաթը ստանում։ Նրանց պես հազարավոր երեխաներ այսօր ծնողների հետ համատեղ արժանապատիվ պայքարում են շրջափակման դեմ, միջոցներ փնտրում օրը նպատակային ու արդյունավետ դարձնելու եւ Արցախի այս իրավիճակից պատվով դուրս գալու համար։

Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում եւ ապացուցում է արցախցու ուժեղ կամքն ու միասնականությունը։

 ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿՀՍՏԱԿԵՑՎԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ առաջարկվում է ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության դիմումի հիման վրա նպաստը վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

 

Կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի հերթական նիստում:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի՝ նախագծով հստակեցվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն օտարերկրյա քաղաքացի ծնողի համար եւ այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնու, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը:

Նշենք նաեւ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը փաստել է, որ հստակեցվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները:

Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծով վերացվում են օրենքի իրավակիրառ պրակտիկայի ընթացքում ի հայտ եկած թերությունները: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծն ընդունվելու դեպքում «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները կհամապատասխանեցվեն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, կհստակեցվեն նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները: Հավելենք նաեւ, որ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հավաստմամբ՝ օրենքի նախագծով հիմնականում կարգավորվում են պետական նպաստների նշանակման ոլորտում առկա խնդիրներն ու հարցերը: Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել նախագծի ընդունմանը: Քննարկման արդյունքում օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

 

 

 

ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

Այս տարի Տավուշի մարզում բազում բնական աղետներ են եղել, գյուղացիական տնտեսությունները մեծ վնասներ են կրել։ Մայիսի 31-ին կարկտահարություն է եղել Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ Ոսկեպար, Իջեւան խոշոր համայնքի Կիրանց եւ Աճարկուտ բնակավայրերում։ Հունիսի 6-ին տեղացած հորդ անձրեւները եւ դրանցից առաջացած սելավները մեծ վնասներ են պատճառել Նոյեմբերյան, Կողբ, Դովեղ բնակավայրերի բնակիչների գույքին, ցանքատարածություններին, սելավը քշվել-տարել է ընտանի կենդանիներ, վնասվել են առնվազն 4 մարդատար ավտոմեքենա։ Հունիսի 19-ի երեկոյան Իջեւան քաղաքում տեղի ունեցած կարկտահարությունը, քամին, ուժեղ անձրեւից գոյացած սելավները մեծ վնասներ են պատճառել քաղաքի տնտեսություններին։ Օգոստոսի 2-ի երեկոյան շուրջ կես ժամ տեղացած կարկուտը ոչնչացրել է Իջեւան համայնքի Լուսաձոր գյուղի խաղողի, պտղատու այգիների, բանջարանոցների բերքը, ջարդել գյուղացիների տների շիֆերից տանիքներ, ապակե պատուհաններ, վնասել ավտոմեքենաների ծածկեր, լուսաձորցիների արեւային մարտկոցները։ Համայնքային եւ Տավուշի մարզպետարանի հանձնաժողովները հաշվարկել են բնական տարերքի պատճառած վնասների չափերը։ Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ Տավուշի մարզի համայնքներում 2023 թվականին բնական աղետներից (կարկտահարություն, սելավ) տուժած բնակիչներին փոխհատուցում կամ աջակցություն պետական բյուջեից  չի ցուցաբերվել։ Տավուշի մարզպետարանից տեղեկացա նաեւ, որ 2023թ. օգոստոսի 25-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի աշխատակիցները պետական բյուջեից ստացել են 50 միլիոն 395 հազար դրամ պարգեւավճար։

 

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՔՈՒՄ

«Վալեքս»  ընկերության ներկայացուցիչները նախատեսում են Այգեձորի տարածքում եւ  Բերդ համայնքի սարում պղնձի հանքավայրի երկրաբանական հետազոտություններ կատարել։ Նրանք այդ նպատակով արդեն հանդիպում են ունեցել Բերդի համայնքապետարանում։ Նախատեսվում է այդ նպատակով սեպտեմբերի 29-ին Բերդում հանրային լսումներ անցկացնել։ Բերդ համայնքի բնակիչներն այդ լուրից անհանգստացած են, նրանք չեն ցանկանում, որ երկրաբանական հետազոտություններից հետո Բերդ համայնքի տարածքում մետաղական հանքավայր գործի։ Բերդի բնակիչներն ասում են, որ Արցախում Կաշենի հանքավայրի փակվելուց, Լոռիում Թեղուտի հանքավայրի անհաջողություններից հետո  «Վալեքս»  ընկերությանը ցանկանում է Բերդում հանքավայր շահագործել։  Տավուշի մարզի տարածքում նորագույն շրջանում  երբեք մետաղական հանքավայր չի գործել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս