Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար բեռի պարունակությունը համաձայնեցվել է բնակիչների հետ․ Զախարովան 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն Աղդամ-Ասկերան երթուղով Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռի պարունակությունը համաձայնեցրել է տարածաշրջանի բնակչության հետ և դատապարտում է տեղեկատվական ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք փորձել են արժեզրկել այդ օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցում։

«Ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, ովքեր փորձել են արժեզրկել ռուսական մարդասիրական օգնությունը… Այդ բեռը 15 տոննա է, այն հիմնականում սննդամթերք է, բայց ներառում է նաև իրեր, հիգիենիկ և մանկական պարագաներ և այլն: Հետևաբար, պետք է ամաչեն այն մարդիկ, որոնք որոշել են այդպես արձագանքել անկեղծ և, ըստ իս, ռուսական կողմից չափազանց ժամանակին արված ոչ միայն ժեստին կամ քայլին, այլ տարածաշրջանի ժողովրդին մեկնած իրական օգնության ձեռքին», – ասել է Զախարովան՝ հավելելով, որ մարդասիրական այդ բեռի մեջ պարունակվող ամեն ինչ «համաձայնեցվել է այն շրջանի բնակիչների հետ, որի համար այն նախատեսված էր»։

«Ես կոչ եմ անում հայ հանրությանը, ի թիվս այլ բաների, վերլուծել հրապարակված նյութերը, այդ թվում՝ հայկական ռեսուրսներում, տեսնել, թե ով ինչ է գրել, լսել, թե մենք ինչ ենք ասում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ռուսաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչներն այս մարդասիրական օգնությունը բաշխել են բազմազավակ ընտանիքներին, «նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են եղել, այդ թվում՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց»։

Սեպտեմբերի 12-ին Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:




Լրահոս