Այսուհետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղորայքը կստանան ոչ թե 50 տոկոս զեղչով, այլ անվճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի լիազորող նորմերը:

Առաջարկվում է օրենքից հանել նաև «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողություններն արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:

Բացի այդ, անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ՝ միջպետական համաձայնագրի դրույթներն իրագործելու համար, իսկ Կառավարությանն էլ առաջարկվում է լիազորել սահմանելու այդ գործընթացի առանձնահատկությունները:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը, կարևորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, տեղեկացրել է, որ Կառավարության ներկայացրած բովանդակային փոփոխությամբ այսուհետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղորայքը կստանան ոչ թե 50 տոկոս զեղչով, այլ անվճար:

««Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երեխաների իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերը փոխարինել համալիր ծրագրով, ընդ որում` 2017-2021 թվականների ռազմավարական պլանավորման գնահատման արդյունքների և Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի ավարտից հետո նաև նշված ծրագրի գնահատման արդյունքների հաշվի առնմամբ սահմանել ոլորտային ընդգրկուն միջոցառումներ, որոնք անդրադարձ կկատարեն երեխայի բոլոր իրավունքների իրացմանը և պատասխանատու գերատեսչությունների համար կլինեն ուղեցույց առաջիկա տարիների համար՝ հստակ ուրվագծելով ոլորտային քաղաքականությունը:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է սեպտեմբերի 12-ին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:




Լրահոս