44-օրյա արյունալի պատերազմից անմիջապես հետո հայրենի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսեցին:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ բանագնաց նշանակվեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը հայ-թուքական հարաբերությունների հարցով պարբերաբար հանդիպումներ էր ունենում ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, թուրք բանագնաց Սերդար Քըլըչի հետ։
Մինչ օրս Ռուբինյանը եւ Քըլըչը չորս հանդիպում են ունեցել՝ առաջին հանդիպումը կայացել է 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը՝ փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին՝ Վիեննայում։
Ավելին՝ իրենց վերջին հանդիպմանը կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները:
Իսկ արդեն այս տարվա սկզբին՝ փետրվարի 11-ին, 1993թ-ից ի վեր առաջին անգամ բացվեց հայ-թուքական սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը՝ Հայաստանից դեպի Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու համար, ինչից հետո կողմերը հայտարարեցին, որ աշխատանքներ են սկսելու կամուրջը վերակառուցելու համար, որպեսզի այն անխափան գործարկվի:
Սակայն մինչ օրս ոչ միայ հայ-թուրքական սահմանն է փակ մնում, այլ նաեւ կարծես երկու երկրների միջեւ բանակցություններ են կանգ առել, սրա մասին է վկայում նաեւ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացները վերջին անգամ մեկ տարի առաջ են հանդիպել:
Չնայած այս փաստերին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը պնդում է, որ բանակցությունները չեն դադարել, պարզապես ժամանակացույցի խնդիր կա.
«Առանձնապես որեւէ խնդիր կամ խոչընդոտ չկա, բանակցությունները շարունակվում են, ինչ-որ փուլում են: Բանագնացների հանդիպումներն էլ չեն դադարել, հավանաբար, հանդիպումների ժամանակացույցն է փոխվել: Մենք շարունակում ենք մեր ջանքերը, որպեսզի հայ-թուրքական երկխոսությունն ակտիվանա»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արսենյանը:
Քրիստինա Մուշեղյան