Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված ասոցիացիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հանդես է եկել հայտարարությամբ, մասնավորապես նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները ներկայումս փակուղում են Հայաստանի սադրանքների պատճառով:
«Ցավոք սրտի, այս պահին մենք տեսնում ենք լճացում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացում, և դրա պատճառը Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև խամաճիկ ռեժիմի ներկայացուցիչների խիստ սադրիչ հայտարարություններն ու գործողություններն են»։
Որպես սադրանքի օրինակ՝ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը բերել է սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում կազմակերպված ընտրությունները, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Ղարաբաղի անկախության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ։
Անցյալ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Այս տարվա մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։
Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։
Ինչպես ասել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Ադրբեջանը և Հայաստանը կարող են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը։
Օֆելյա Հովհաննիսյան