Նախատեսվող կարգավորումներն ուղղված են Քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի ներգրավմանը, ինչպես նաեւ նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը:
«ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են կադրերի ընտրության եւ առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:
Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ սեպտեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Նշվել է, որ առաջարկվում է ներդնել քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ, որի միջոցով, ըստ հիմնական զեկուցողի, հնարավոր կլինի լուծել Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավման խնդիրները, ինչպես նաեւ նախատեսվող այլ կարգավորումների շնորհիվ հնարավոր կլինի սահմանել եւ հստակեցնել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի N ՀՕ-14-Ն օրենքի ընդունմամբ առաջացած՝ օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած, չկարգավորված եւ ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները:
Ըստ փոխնախարարի՝ համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներն ատեստավորվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման համար դիմելու իրավունքը ծառայողի մոտ ծագում է նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո: Մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմում է պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն ու գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել: