ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՔԸ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է մանրամասներ արարողության մասին.

 

Մյուռոն-ԳԵՂԱՐԴ

Հայոց Եկեղեցու Ավանդության համաձայն՝ Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում է նաեւ աստվածամուխ Ս. Գեղարդով: Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեց ջուր եւ արյուն (Հովհ. 19. 34):

Մյուռոն-ԽԱՉ

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից: Ըստ Նարեկացու՝ խնկելի, պաշտելի եւ երանելի այս յուղը մարդուն որեւէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի: Մասունքակիր այս խաչը պատրաստվել է հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի (1632-1655) համար 1652 թ.: Վերջին շրջանում մյուռոնօրհնությունը կատարվել է այս Խաչով։

Մյուռոն-ԿԱԹՍԱ

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել նորնախիջեւանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում: Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գր. Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը եւ Հոգեգալուստը:

Իսկ ի՞նչ է մյուռոնը

Մյուռոնի մասին խոսելիս հաճախ գործածում ենք «Սրբալույս» մակդիրը: «Սրբալույս Մյուռոն» ասելով` նկատի ունենք, որ այդ Յուղից բխած լույսը սուրբ է, հոգեւոր եւ պայծառ, որը լուսավորում է ամեն քրիստոնյայի: Ժողովուրդը Ս. Յուղը նաեւ կոչում է «կանաչ Մյուռոն»:

Ըստ վերջին շրջանում ձեւավորված սովորության` Մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաեւ խախտվել:

Ցավոք, պատմության ընթացքում ունեցել ենք նաեւ այնպիսի հայրապետներ, որոնք այդպես էլ չեն հասցրել կատարել սրբազան այս արարողությունը: Օր.` Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսը (1908-1910) իր կարճ գահակալության ընթացքում չհասցրեց մյուռոն օրհնել, քանզի 1909 թ. նշանակված արարողությունը հետաձգվեց Կովկասում բռնկված խոլերայի պատճառով: Նույն ճակատագրին արժանացան նաեւ երջանկահիշատակ Խորեն Ա Մուրադբեկյանը (1932-1938) եւ Գեւորգ Զ Չորեքչյանը (1945-1954), որոնց նույնպես բախտ չվիճակվեց մյուռոն օրհնել խորհրդային կարգերի պատճառով:

Վազգեն Կաթողիկոսին հաջորդած Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1996 թ. սեպտեմբերի 8-ին Մայր Աթոռում կատարեց իր առաջին մյուռոնի օրհնությունը` կոչելով այն «Վերածնության մյուռոն»: Բայց հաջորդը տեղի ունեցավ ոչ թե 7 տարի հետո, այլ` 5, այսինքն` 2001 թ., երբ ազգովի նշում էինք քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակը: Վերոգրյալ բոլոր օրինակները եւ պատմական տվյալները ցույց են տալիս, որ ազգային-եկեղեցական կարեւոր եւ հիշարժան տարեթվերի, մյուռոնի պակասության կամ այլ հանգամանքների դեպքում Վեհափառ Հայրապետը կարող է մյուռոնօրհնեք կատարել` օգտվելով իրեն վերապահված իրավունքից:

 

 

 

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթին ԿԸՀ-ից հիշեցնում են, որ Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրելու իրավունք ունեն նաեւ օտարերկրացիները, եթե առնվազն մեկ տարի հաշվառված են տվյալ համայնքում։

  1. Օտարերկրյա քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը,

մշտական կացության քարտը, ՀՀ հատուկ անձնագիրը:

  1. ՌԴ քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում նաեւ ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Երեւան համայնքի պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով։
  2. Քաղաքացիությունը չունեցող անձանց համար՝ ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,

ժամանակավոր կացության քարտը, ՀՀ հատուկ անձնագիրը:

  1. Փախստական ճանաչված անձանց համար՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։

Օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկատվությունը վարում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։

 

 

 

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶՐԿՎԵՑԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 4-ի  հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) եւ տեղերի ցանկը:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից, 187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից:

ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) եւ պետական կրթաթոշակ տալու կարգի 5-րդ կետի պահանջների համաձայն՝ վերը նշված հաստատված տեղերը ենթակա են փոխատեղման:

 

 

 

 

ԵՐԵՎԱՆՆ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ Է

Երեւանը մտել է ռուսաստանցիների աշնանային հանգստի ամենապահանջված ուղղություններից մեկի ցուցակ. տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով OneTwoTrip-ի վերլուծաբանների հետազոտությանը։

«Արտասահմանյան ուղղությունների շարքում աշնանն ամենամեծ պահանջարկ ունեն Ստամբուլը (արտասահմանյան բոլոր պատվերների 10,2 տոկոսը) եւ Երեւանը (4,5 տոկոս)։ Թոփ-5-ում տեղ են գտել նաեւ Դուբայը (2,8 տոկոս), Փարիզը (2,5) եւ Հռոմը (2,4)։ Պատվերների 2,1 տոկոսը բաժին է ընկնում Բանգկոկին, 2 տոկոսը՝ Ռիմինիին, 1,6 տոկոսը՝ Թբիլիսիին, 1,5-ական տոկոս՝ Մինսկին եւ Անթալիային»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ զգալիորեն ավելացել է Երեւանի պահանջարկը, պատվիրված տեղերի թիվն ավելացել է 45,2 տոկոսով՝ 2022թ. նույն  ժամանակամիջոցի համեմատ։ Ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում են նաեւ Հռոմը (2023թ. պատվերների թիվն ավելացել է 33,3 տոկոսով), Փարիզը (31,2), Բանգկոկը (40)։

Մինսկի եւ Անթալիայի հյուրանոցներում պատվերները նվազել են 63,4 եւ 37,5 տոկոսով համապատասխանաբար։

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են hանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։

2023-2024 ուստարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռային՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 18-ից 31-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ, եւ գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:

 




Լրահոս