Լուսանկարը՝ համացանցից
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միացել է Պորտուգալիայի հավաքականին եւ կմասնակցի «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։
«Հրաշալի է տուն վերադառնալը։ Առավելագույն մոտիվացիա եւ լիակատար կենտրոնացվածություն առաջիկա երկու խաղերում «Եվրո-2024»-ի ճանապարհին»,- «Թվիթեր»-ում գրել է Ռոնալդուն։
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Հեղինակային իրավունքը կարո՞ղ է գրանցվել:
Սուրեն Թորոսյան (65 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հեղինակային իրավունքի պահպանությունը տրամադրվում է ավտոմատ կերպով եւ կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից եւ որեւէ այլ գործողության կատարումից, ուստի Մտավոր սեփականության գործակալությունը չի իրականացնում հեղինակային իրավունքի օբյեկտների գրանցման գործառույթ:
Սակայն հեղինակային իրավունք եւ հարակից իրավունքներ կրողների իրավունքների ապահովման նպատակով գործում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններ:
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հեղինակային իրավունք եւ հարակից իրավունքներ կրողների իրավունքների ապահովման նպատակով գործող գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները ստեղծվում են ուղղակիորեն հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների տերերի կողմից եւ գործում են ստացված լիազորությունների շրջանակներում («Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 63-64-րդ հոդվածներ):
ԿՐԹԱԹՈՇԱԿ
ՀԱՐՑ. Ո՞ր ուսանողներին է կրթաթոշակ տրվում:
Տիգրան Սահակյան (26 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:
Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին, զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում), մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին, այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:
ՀՀ ԿԳՄՍՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը: