ՄԱՐԶՊԵՏԸ ՕՐ ՕՐԻ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականին։ Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանի աշխատելաոճի մեջ է մտնում իշխանության բերել նրանց, ում ինքը հեշտ կղեկավարի եւ, վարչապետ լինելուց բացի, խամաճիկի պես կպարեցնի տարբեր դերերում:

Հենց այս պատճառով էլ նախկինում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնի առաջատար մասնագետ Ղալումյանին Փաշինյանն ընտրեց՝ որպես մարզպետ։

Ղալումյանը նաեւ քաղաքական ուժի այն ընտրյալն է, որը եւս նախկինում բանկային համակարգի աշխատակից է եղել, ինչպես պաշտոնյաներից շատերը։

Ղալումյանը, ըստ 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս եւ բնակարան բազմաբնակարան շենքում, որոնք եղել են նվիրատվություններ 2008 թվականին Իջեւան քաղաքում։ Միանձնյա սեփականությամբ մի բնակարան էլ հայտարարագրել է 2001 թվականին, սակայն ձեռք բերման եղանակը հստակ նշված չէ։ Ղալումյանը 2010 թվականին Գանձաքարում գնել է արտադրական նշանակության շինություն՝ համատեղ սեփականությամբ։

2022 թվականին մարզպետը բնակարան է ձեռք բերել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում, որն արժե 18 մլն 150 հազար դրամ. բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով «Լավ-Սար» ՍՊԸ-ից։

Իսկ նախկինում ունեցած բնակարաններից մեկը վաճառել է 13 մլն 100 հազարով Ջանիկ Խառատյանին եւ Աննա Սարիբեկյանին։

2021 թվականին նա գնել է նոր մեքենա՝ 2007 թվականի արտադրության, Mitsubishi մակնիշի։

Նրա բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 1 մլն 313 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 351 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 13 մլն 100 հազար եւ 15 հազար դոլար։ Մարզպետ Ղալումյանը տարեկան ստացել է 28 մլն 623 հազար դրամ եկամուտ, որից 12 մլն 879 հազարը աշխատանքի վարձատրություն է Տավուշի մարզի պետական կառավարման հիմնարկից, նա ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 606 հազար դրամ գումար՝ բնակարանի հիփոթեքը մարելու համար։

Նա վարկի մարմանն ուղղել է 2 մլն 163 հազար դրամ։

Հիշեցնենք նաեւ, որ իշխանության գալով՝ ՔՊ-ականները բացառում էին քավոր-սանիկ, խնամի-ծանոթ-բարեկամ կապով աշխատանքի ընդունումը: Անցան տարիներ, եւ բոլոր պաշտոններում խնամիներ են, քավոր-սանիկներ են, ինչպես Ղալումյանի դեպքում։ Հայկ Ղալումյանը, Նիկոլ Փաշինյանի հետ ունենալով քավորսանիկական կապ, դարձավ մարզպետ, իսկ եղբայրը մտավ Ազգային ժողով եւ դարձավ ՔՊ-ին պետք եկած ժամանակ պաշտպանող մունետիկ-պատգամավոր:

 

 

 

 

 

 

Հայրենի գործադիրում լարված եւ անհանգիստ իրավիճակ է: Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նախարարներից, եւ առաջիկայում մեծ թվով պաշտոնանկություններ են սպասվում կառավարությունում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թիրախում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են, որոնք Երեւանի ավագանու ընտրություններից հետո հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Ըստ գործադիրում շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, այսքանով չի սահմանափակվելու. նախատեսվում է, որ իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու նաեւ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Ահա, այս պաշտոնանկությունների մասին թեժ խոսակցություններով պայմանավորված, կառավարությունում իրավիճակը շատ լարված է, նախարարները շունչները պահած սպասում են, թե ով է Փաշինյանի հաջորդ թիրախը, ով է հրաժեշտ տալու իր պաշտոնին: Նիկոլ Փաշինյանը, սակայն, դեռ չի շտապում. սպասում է, որ ավագանու ընտրությունները անցկացնեն, դրանից հետո նոր միայն սկսի «չիստկան» կառավարությունում: Բացի սա, դեռ պաշտոնանկ արվող նախարարներին փոխարինողների հարցը լուծված չէ. գաղտնիք չէ, որ Փաշինյանը հիմա գրեթե իր բոլոր թիմակիցների հետ լարված է, ոչ մեկին չի վստահում, դրա համար էլ փոխարինող չի գտնում առաջիկայում պաշտոնանկ արվող նախարարներին:

 

 

 

 

 

Կառավարության վաղվա նիստում այս պահի դրությամբ ընդգրկված է 30 հարց։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցերի մեծ մասը կրկին չզեկուցվող են։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեք նախագիծ պետք է զեկուցի վաղը վարչապետին, եւ երեքն էլ գաղտնի են լինելու։ Բացի այդ, վաղը նախագիծ կընդունվի՝ հոկտեմբերի մեկից կրկին վարժական հավաքներ հայտարարելու մասին։ Մյուս կողմից՝ փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց մեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մասնավորապես, 88 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում եւ առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան): Նշենք, որ պատերազմից անցել է 3 տարի, եւ կառավարությունը նոր փորձում է լուծել տուժած քաղաքացիների հարցերը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները որոշել են Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական ծառայության պետի նշանակման հարցը լուծել քաղաքապետի ընտրություններից հետո։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ քաղաքական իշխանությունները քննարկել են, որ ընտրություններից հետո, երբ նախարար Գրիգոր Մինասյանն էլ ազատվի պաշտոնից, հետո նոր նախարարի հետ միասին կնշանակեն նաեւ նոր ՔԿ ծառայության պետ։ Իսկ մինչ այդ բանտապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված Ամբակում Գրիգորյանը, որ ՔԿ ծառայության նախկին պետ Սերգեյ Ատոմյանի առաջին տեղակալն էր:

 




Լրահոս