«Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը վաղը քարոզարշավ չի անի:
ArmLur.am-ի հետ զրույցում կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանն ասաց, որ քարոզարշավի փոխարեն վաղը պատրաստվում են հուշագիր ստորագրել «ՊԱՆ–ԵՎՐՈՊԱ» քաղաքական, մշակութային և տնտեսական կազմակերպության հետ.
«Հուշագիրը լինելու է առ այն, որ «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունն այսուհետ դառնում է այդ կառույցի հայաստանյան ներկայացուցիչը»,-հավելեց նա:
Հարցին՝ արդյո՞ք բակային այցելություններ կամ հանրահավաք չեն լինելու, Խզմալյանն արձագանքեց՝ դրանք համարում են դեմագոգիա.
«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հանրությանը, որպեսզի մեր քարոզչությունը փողոցներում կազմակերպենք» ,-հավելեց նա:
Ինչպես հայտնի է՝ վաղը իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քայլերթ ու մեծ հանրահավաք է անելու։ Ըստ հավաստի տեղեկությունների, իշխող ուժը պատրաստվում է մեծ թվով վարչական ռեսուրս օգտագործել այդ օրը, որպեսզի մարդաքանակ ապահովի:
Անդրադառնալով այս տեղեկություններին՝ Խզմալյանն արձագանքեց՝ ցանկացած կուսակցություն, ինքն է որոշում, թե ինչպես կազմակերպի իր քարոզարշավը.
«Մենք հարգում ենք ուրիշների կարծիքը: Կտեսնենք վաղը, եթե իրենց հաջողվի վարչական ռեսուրս կիրառել, կստացվի՝ կարողացան կիրառել, իսկ եթե չստացվի, ուրեմն այդ ռեսուրսը չի աշխատում»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:
Քրիստինա Մուշեղյան