
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին:
Վարչապետը ողջունել է հեղինակավոր գործչի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առթիվ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պարոն Պրոդիի նման փորձառու գործիչների հետ ԵՊՀ-ի համագործակցության անհրաժեշտությունը և հավելել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Հայաստան:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի շուրջ: