Armlur.am-ը հրապարակել էր Ականատես դիտորդական առաքելության տեղեկություններն այն մասին, որ սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են Երևանի «Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները։
Ըստ այդ տեղեկությունների, մարզադպրոցի մարզիչը 34 մասնակից ունեցող ծնողական սոցցանցային խմբում տարածել է միջոցառման մասնակցության հայտարարությունը՝ նշելով, որ «ցանկալի ու պարտադիր է բոլորի ներկայությունը», իսկ միջոցառումից ժամեր առաջ ծնողներին ևս մեկ անգամ հիշեցում է ուղարկվել երեխաների միջոցառման մասնակցության մասով։
Armlur.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն Մինաս Մարգարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են մարդկանց պարտադրել մասնակցել համերգին:
Մարգարյանը հայտարարեց, որ որևէ պարտադրանք չի եղել, ընդամենը սահմանային լարվածության հետ կապված սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի օրվան նվիրված միջոցառումը հետաձգվել է, ինչի մասին իրենք ընդամենը տեղեկացրել են:
«Անկեղծ ասած զարմացած եմ, որ նման տեղեկություններ կան, քանի որ ակնհայտ երևում է, որ համերգի օրը 1-ից տեղափոխել են 12, որի մասին տեղեկացվել են ծնողները: Իսկ տեղեկացվել են, քանի որ երեխաները մեծ սիրով ցանկացել են այդ համերգին ներկա գտնվել, շատ տխրել էին, որ չի կայացել, տեղեկացվել են, որ օրը փոխվել է: Որևէ վարչական ռեսուրս չի կիրառվել, որևէ ապօրինի քայլ չկա: Ստահոդ տեղեկություններ են»,-հայտարարեց մեր զրուցակիցը: