Փաշինյանի համհարզին քաղաքապետ դարձնելու համար մեծ վարչական ռեսուրս է գործի դրվում. Նորայր Նորիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունն այսօր իր քարոզարշավը կեզրափակի երեկոյան քայլերթով՝ Ազատության հրապարակից:

ArmLur.am-ի հետ զրույցում Նորայր Նորիկյանը, ամփոփելով ընդհանուր քարոզարշավը, դրական է գնահատում այն:

«Մենք շատ ջերմ ընդունելության ենք արժանացել երևանցիների կողմից, վստահում եմ մեր երևանցիների ողջամտությանը և վստահ եմ, որ ճիշտ ընտրություն կկատարեն»,-հավելեց նա:

Ողջ քարոզարշավը ընթացքում ահազանգեր հնչեցին դիտորդ մարմինների կողմից, որ իշխող ՔՊ-ի քարոզարշավը մի շարք խախտումներով է ընթացել, դպրոցների, մանկապարտեզների և պետական կառույցների աշխատակիցներ են ներգրաված եղել:

Ավելին, այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քայլերթ ու մեծ հանրահավաք է անելու։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ իշխող ուժը պատրաստվում է մեծ թվով վարչական ռեսուրս օգտագործել այդ օրը, որպեսզի մարդաքանակ ապահովի:

Հարցին՝ հաշվի առնելով այս բազմաթիվ ահազանգերը, հնարավո՞ր է արդյոք արդար և թափանցիկ ընտրություններ երաշխավորել, Նորայր Նորիկյանն արձագանքեց.

«Մենք առաջինն ենք ահազանգել, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում և վերահաստատում ենք դա, այսինքն՝ գործի է դրվում Փաշինյանի համհարզին քաղաքապետ դարձնելու համար, այդտեղ որևէ գաղտնիք չկա: Հետևաբար, խոսել ՔՊ-ի կողմից ընտրությունների ժողովրդավարության և հավասար մրցակցության մասին, անհնար է: Ակնհայտ է, որ այդ սկզբունքը կոպտորեն խախտվել է: Հավասար մրցակցային պայմաններ չեն ստեղծվել բոլոր կուսակցությունների համար, իշխանության թեկնածուն ողջ քարոզարշավի ընթացքում վայելել է արտոնյալի կարգավիճակը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Ինձ միայն հուսադրում է այն հանգամանքը, որ Երևանում ես չեմ տեսել քաղաքացի, որը հաստատապես կպնդեր, որ իր ձայնը ՔՊ-ին է տալու:

Ցավոք սրտի, ես նաև չեմ տեսել քաղաքացի, որը կասեր՝ ես հպարտ քաղաքացի եմ: Ո՞ր արժանիքի կամ արդյունավետ քայլի համար մեր ժողովուրդը պետք է գնա ու իր ձայնը տա Տիգրան Ավինյանին կամ Հայկ Մարությանին, այդ մարդիկ պատասխանատու են մայրաքաղաքի հինգ տարվա կառավարման համար և համատեղ պատասխանատվություն են կրում իրենց խոստումների ձախողումների համար»,-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս