«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանն արդյունավետ է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:
ArmLur.am-ի հետ զրույցում Պետրոսյանը պատմեց, որ այսօր իրենց քարոզարշավը կեզրափակեն բակային այցով՝ Երևանի վարչական շրջաններից մեկում.
«Փորձի պակասով պայմանավորված՝ շատ բաներ չկարողացանք արդյունավետ կամ օպտիմալ կազմակերպել, բայց ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում քարոզարշավը: Կարևորն այն օրակարգն է, որով մենք ներկայանում ենք հասարակությանը, մեր օրակարգը բավականին պահանջված է, դա կհաստատեն նաև լրագրողները, իսկ խորքային փոփոխությունների համար մի փոքր աշխատանք է պահանջվում և ամեն ինչ կհաջողվի»,-ասաց մեր զրուցակիցը:
Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ հնարավոր չէ այս իշխանությունների օրոք արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելը՝ հատկապես հաշվի առնելով վերջին օրերին հնչած բազմաթիվ ահազանգերը.
«Այս իշխանության լեգիտիմությունը և ռեյտինգն այնքան ցածր է, որ նույնիսկ Երևանի վարչական շրջանների աշխատակազմերը նրանց բավարար չեն, դրա համար էլ նաև մարզերից են վարչական ռեսուրս կիրառում այս քարոզարշավին, իսկ որ ընտրություններն առանց խախտումների անցնեն, դա տեսականորեն հնարավոր չէ»,-ասաց քաղաքական գործիչը:
Քրիստինա Մուշեղյան