Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։ Այս մասին հայտնում ե ՊԵԿ-ից։
Օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ է առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ ծխախոտ։ Մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով` բեռնատարն ուղեկցվել է Հարավային տերմինալ ՓԲ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ, որտեղ անցկացված հսկողության արդյունքում` ցեմենտի պարկերի արանքում, հայտնաբերվել է շուրջ 10 հազար տուփ ծխախոտ։
Այսպես, 2023 թվականի հունվարի 1-ից Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է Ագարակ պետական սահմանի անցման կետով մաքսային հսկողությունից թաքցման և չհայտարարագրման եղանակով ընդհանուր 47 հազար 543 տուփ ծխախոտի ապօրինի տեղափոխման 84 դեպք։ Հարուցվել են վարչական վարույթներ` Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։
Ընդգծենք, որ մաքսավորների ուշադրության ներքո է գտնվում նաև կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ծխախոտների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման կանխումը, այդ թվում՝ որպես անձնական օգտագորմծան ապրանք։ 2023 թվականի ընթացքում Մեղրիի մաքսակետում հայտնաբերված 3 դեպքով Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու նպատակով։