Ռուսաստանը կշարունակի աշխատել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է իր աշխատանքն ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ: Մենք կշարունակենք դա անել»,- ասել է նա՝ ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Արցախում Լաչինի միջանցքի վաղաժամ բացման անհրաժեշտության մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին»:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ներկայումս կողմերի հետ տարբեր տարբերակներ են քննարկվում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրել է Արցախ հասած մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի մասին, որը ուղարկվել է Ռուսաստանի կողմից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Ասկերանով Ստեփանակերտ է ժամանել Ռուսական Կարմիր Խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարը։ Առաքվել է ընդհանուր առմամբ 15 տոննա սննդամթերք (ալյուր, շաքարավազ, ձավարեղեն, մակարոնեղեն, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ), անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ։
Օֆելյա Հովհաննիսյան