Արդեն այսօր Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավն ավարտվում է:
ArmLur.am-ի հետ զրույցում «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն ամփոփել է քարոզարշավը:
Պարո՛ն Մնացականյան, արդեն այսօր քարոզարշավի վերջին օրն է, ինչպե՞ս եք եզրափակելու քարոզարշավը, ի՞նչ միջոցառում եք նախատեսում:
-Հարվածային տեմպերով:
-Ընդհանուր քարոզարշավն ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ տպավորություններ ունեք երևանցիների հետ շփումներից:
-Քարոզարշավն ամփոփելու համար սոցիոլոգական, հոգեբանական մի մեծ վերլուծություն է պետք, բայց այսօրվա երևանցին շատ խառն է, այնքան խառը երբեք չի եղել՝ իր մտածմունքներով, անհանգստություններով, առաջնահերթություններով։ Նման իրավիճակ երբեք չի եղել:
-Քարոզարշավի հենց առաջին օրվանից դիտորդ մարմիններն ահազանգեր են հնչեցնում, որ իշխող ուժի քարոզարշավը մի շարք խախտումներով և վարչական ռեսուրսի կիրառմամբ է ընթանում: Ավելին, մարզերից մարդիկ են բերվել՝ երեկոյան ՔՊ-ի հանրահավաքին մասնակցելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես կասեմ, որ երբ բակերով գնում են, բոլորը քաղաքապետարանի ու թաղապետարանների մարդիկ են նրանց հետ, թող չթվա, թե ժողովուրդն է գնում: ԿԸՀ-ն և միջազգային կազմակերպությունները պետք է զբաղվեն այդ հարցով:
-Հաշվի առնելով բազմաթիվ ահազանգեր՝ ի՞նչ եք կարծում, գործող իշխանությունների օրոք արդար և թափանցիկ ընտրոթյուններ հնարավո՞ր են:
-Այս իշխանություններն անգամ իրենց ընտրություններն են կեղծում։ Չմոռանաք, թե ինչ բերեցին Արսեն Թորոսյանի գլխին, տեսնենք՝ այսօրվա հանրահավաքին ի՞նչ կանեն, ենթադրում եմ, որ մարզերից և մանկապարտեզներից կբերեն:
-Պարո՛ն Մնացականյան, երեկ Հանրային ՀԸ-ի եթերում տեղի ունեցավ նախընտրական բանավեճ՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ: Գո՞հ եք բանավեճից, արդյո՞ք բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահոված էին:
-Ես գոհ եմ հաղորդավարներից, չզգացի, որ նրանք ինչ-որ կողմնակալ վերաբերմունք ունեին, բայց ֆորմատը դուրս չեկավ, քանի որ դժվար է քաղաքի խնդիրներից խոսել, երբ ընդամենը կես րոպե կամ մեկ րոպե ժամանակ է տրվում։ Անգամ չես կարողանում խնդիրը ներկայացնել:
-Եվ վերջում, ընտրություններից առաջ ի՞նչ կոչ ունեք երևանցիներին:
-Կոչ եմ անում, որ երևանցիներն ընտրեն ոտքերով։ Ես սա ասում եմ որպես ուրբանիստ, քաղաքային պլանավորող: Ասում եմ, որ երևանցին ոտքերով պետք է ընտրի, քանի որ երբ գնում ես ընտրատեղամաս, պետք է տեսնես, թե ի՞նչ մայթերով կամ բակերով ես գնում, ի՞նչ հնարավորություններ կան այդ ընտրատեղամաս մտնելու համար։ Պետք է հասկանալ, որ Երևանն առաջին հերթին պետք է լինի հարմարավետ: Որպես քաղաքապետի թեկնածու, կասեմ, որ ընտրեն այն ուժերին, որը, Աստված չանի, բայց պատերազմի ընթացքում կկարողանա պատերազմական գործողությունների ծանր բեռը կրել: Ընտրե՛ք այնպիսի քաղաքապետ, որը թույլ չի տա, որ Երևանի դիմագիծը փոխեն և բարձրահարկ շենքերը կառուցեն, և վերջապես Երևանը պետք է ունենա արժանի քաղաքապետ, որպեսզի ունենանք մարդամոտ քաղաք:
Քրիստինա Մուշեղյան