Եթե ընտրակեղծիքներ լինեն, ապա մենք պարտադիր կբարձրաձայնենք ու կգնանք ՍԴ. Անի Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ավարտվում է:

ArmLur.am-ը քարոզարշավն ամփոփել է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անի Խաչատրյանի հետ:

-Տիկի՛ն Խաչատրյան, ինչպե՞ս կամփոփեք քարոզարշավի այս երկու շաբաթը: Ի՞նչ տպավորություններ ունեք երևանցիների հետ շփումներից:

– Քարոզարշավի ընթացքում արդարացան իմ այն պնդումները, որ մենք ճիշտ թեկնածու ենք ընտրել ու մեր քաղաքապետի թեկնածուն լավագույնն է՝ ըստ մեր քաղաքացիների, որոնք բարձր են գնահատում Արտակ Զեյնալյանի կենսագրությունը:

-Այսօր ինչպե՞ս եք եզրափակելու քարոզարշավը, ի՞նչ միջոցառում եք նախատեսում:

-Մենք քարոզարշավը եզրափակելու ենք Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումով՝ մասնավոր հյուրանոցի բաց տարածքում:

-Քարոզարշավի հենց առաջին օրվանից դիտորդ մարմիններն ահազանգեր են հնչեցնում, որ իշխող ուժի քարոզարշավը մի շարք խախտումներով և վարչական ռեսուրսի կիրառմամբ է ընթանում: Ավելին, մարզերից մարդիկ են բերվել՝ երեկոյան ՔՊ-ի հանրահավաքին մասնակցելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

-Մարդիկ են բերում՝ ստիպողաբար, թե չստիպողաբար, վստահ չեմ կարող ասել: Չստիպողաբար եթե մարդիկ են բերում, դա մարդկանց կամքն է ու իրավունքը, իսկ եթե ստպողաբար են բերում,  արդեն իրավապահ մարմինների գործն է։ Ես վստահ հիմքեր չունեմ, որ կարողանամ անմեղության կանխավարկած խախտեմ։ Այդ գործը պետք է իրավապահները քննեն:

-Հաշվի առնելով այս ահազանգերը՝ ի՞նչ եք կարծում, գործող իշխանությունների օրոք արդար և թափանցիկ ընտրոթյուններ հնարավո՞ր են:

-Գիտեք՝ ընտրատեղամասերում ընտրակեղծիքներ չեն լինում։ Կարող եմ նույնիսկ պնդել, որ նախորդ իշխանությունների օրոք էլ այդպես չի եղել: Կարող եմ ասել, որ վերջին տասը տարիներին Հայաստանում ընտրատեղամասներում կեղծիքներ չեն լինում, դրանից դուրս արդեն իրավապահ մարմինների խնդիրն է: Այս պահին մենք ահազանգեր չունենք, եթե լինեն ընտրությունների կեղծում, ապա մենք պարտադիր կբարձրաձայնենք ու կգնանք ՍԴ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս