Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ նախընտրական բանավեճ՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ:
Բանավեճին մասնակցում էին բոլոր թեկնածուները՝ բացառությամբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի:
ArmLur.am-ը բանավեճի մասնակիցներից հետաքրքրվել է՝ գո՞հ են արդյոք բանավեճից, արդյո՞ք պահպանվել էր հավասարություն բոլոր մասնակիցների համար: Մեզ հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն ասաց, որ իշխող ուժի թեկնածուն առավելություն ուներ՝ մյուս թեկնածուների համեմատ:
«Դասական բանավեճի կանոններ էին գործում, բայց մյուս կողմից էլ՝ մյուս մասնակիցները իրենց հարցերն ուղղում էին քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին կամ ասում էին մտքեր, որոնց Ավինյանն էր արձագանքում, ինքնաբերաբար ստացվում էր, որ եթերաժամանակի մեծ մասը նրա կողմից էր զբաղեցվում: Այդպես եղավ նաև նախորդ բանավեճին, որպեսզի այլևս այդպես չլինի թեկնածուները պետք է ավելի շատ խոսեն իրենց ծրագրերի կամ մյուս ուժերի ծրագրերի մասին, բայց բոլորը սևեռվում էին իշխող ուժի թեկնածուի վրա, դրա համար էլ այդպես էր ստացվում»,-ասաց Խաժակյանը:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը գոհ էր բանավեճից.
«Ես բավարար հնարավորություն ունեցա՝ արտահայտվելու համար, ինչ-որ պետք է ասեցի՝ մեր ծրագրերի ու մասնակիցների մասով; Ասել եմ, որ իրական ընդդիմությունը մենք ենք, ասացի, որ մասնակիցներից շատերն աշխատել են Նիկոլ Փաշինյանի հետ և նրա հետ կիսում են պատասխանատվություն, թող իզուր չվիճեն, բոլորն էլ ընդհանուր քաղաքական ընտանիքի անդամներ են: Այսպես ասած, գոհ եմ, մեր ծրագիրը ներկայացրել եմ, շատ ակտիվ եմ եղել, իմ մասով կարող եմ ասել, որ կարողացել եմ արտահայտել մտքերիցս, ինչի համար շնորհակալ եմ հաղորդավարներին, օբյեկտիվ բանավեճ էր»,-ասաց Ղուկասյանը։
«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանն էլ դժգոհեց, որ եթերաժամանակը քիչ էր, ու հնարավորություն չկար՝ ծրագրերի մասին խոսելու.
«Մեկ անգամ ևս համոզվեցի, որ դա հաջողված ձևաչափ չէր, նախ՝ ժամանակի սղությունը հնարավորություն չէր տալիս՝ միտքն ամբողջացնելու, ծրագիրը պատշաճ կեպով նեկայացնելու, մրցակիցներին հակադարձելու և հակափաստարկները բերելու համար: Ակնհայտ է, որ գործող իշխանություններին և նրանց խամաճիկ որոշ ուժերի հաջողվեց քաղաքական բանավեճի որակն իջեցնել կենցաղային մակարդակի, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ նրանք անլրջացնում են քաղաքական պայքարի օրակարգն ու տրամաբանությունը: Ես ինքս չափից դուրս հիասթափված եմ բանավեճի բովանդականությունից, պետք է խոստովանեմ, որ սցենարը, որը կազմված էր այդ ուժերի կողմից, որոշակի ընդգծում ապահովեցին: Մի բան հստակ է, որ նման ձևաչափով հնարավոր չէ արձանագրել հանրության տրամադրությունը, ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ թե իրականում ինչ է կատարվում»,-ասաց Նորիկյանը:
Քրիստինա Մուշեղյան