«Ժողովուրդ» օրաթերթին ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը:
Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով) եւ միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել անվճար:
Նշենք, որ 2023-2024 ուստարվանից հանրապետության բոլոր դպրոցներում, Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված, հանվել է բացասական գնահատականը, եւ ցածր առաջադիմությունը չի կարող հիմք հանդիսանալ ուսումնառությունը կրկնելու համար: Նոր կարգի համաձայն՝ ցածր առաջադիմություն ունեցող սովորողների ծրագրային բացը, ըստ անհրաժեշտության, կլրացվի երկարօրյա պարապմունքների միջոցով:
Ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովման նպատակով հաստատություններին տրվելու է անհրաժեշտ ֆինանսավորում. ըրեւէ վճար ծնողի կողմից չի լինելու:
Հավելենք, որ, ծնողների դիմումի հիման վրա, կազմակերպվող երկարօրյա խմբերը ձեւավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ մինչեւ սեպտեմբերի 10-ը, երկրորդ կիսամյակում՝ մինչեւ հունվարի 15-ը, եւ համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:
Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին ուսումնառության արդյունքները բարելավելու համար երկարօրյա խմբերը ձեւավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ սկսած հոկտեմբերի 1-ից, երկրորդ կիսամյակում՝ սկսած փետրվարի 1-ից, համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության: Սովորողի երկարօրյա պարապմունքները դադարեցվում են ուսումնական պլանով սահմանված առարկայի դասավանդման ժամանակ առաջադիմության դրական արդյունք արձանագրելու դեպքում:
Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով երկարօրյա խումբը կարող է ձեւավորվել նույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող դասարանների սովորողներից (մեկից ավելի դասարանների առկայության դեպքում):
Երկարօրյա պարապմունքները կարող են իրականացվել կրթական 1-ին աստիճանում (տարրական)՝ շաբաթական առավելագույնը 2 ժամ, կրթության 2-րդ աստիճանում (հիմնական)՝ շաբաթական առավելագույնը 3 ժամ:
Երկարօրյա խմբի պարապմունքներն անցկացնում է համապատասխան ուսումնական առարկան դասավանդող՝ տվյալ հաստատության որեւէ ուսուցիչ:
ԳՆԱՃՆ ՈՒ ԳՆԱՆԿՈՒՄԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.0%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, խոզի մսի գինը նվազել է 13.6%-ով, բրնձինը՝ 5.7%-ով, թռչնամսինը՝ 0.8%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ գրանցվել է 0.6%, 0.9% եւ 0.3% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, աճել են համապատասխանաբար 6.2% եւ 11.1%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.2%-ով:
Դրան զուգընթաց, 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալյուրի 18.3%, մակարոնեղենի՝ 12.2%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 2.4%, 1.2% գնանկում:
Հնդկացորենի գինը 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, նվազել է 28.4%-ով, ոսպինը՝ 22.6%-ով, ոլոռինը՝ 16.3%-ով, ձավարինը՝ 5.9%-ով, բլղուրինը՝ 5.4%-ով, հաճարինը՝ 5.1%-ով, լոբունը՝ 1.7%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 2.9%, 1.5%, 1.2% 1.2%, 0.2%, 1.0%, 0.3-ով:
Մարգարինի, «Իշխան» ձկնատեսակի եւ կարագի գները 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, նվազել են 16.3%, 4.7% եւ 3.9%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 2.7%, 0.3% եւ 0.8%-ով:
2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, արեւածաղկի բուսական յուղի գինը նվազել է 36.8%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.9%-ով:
Ըստ վիճակագրության՝ պանրի եւ տավար մսի գները 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, աճել են 0.1% եւ 2.9%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ հանրապետությունում գրանցվել 1.1% եւ 0.3% գնանկում:
2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, պահածոյացված կաթի գինը նվազել է 3.1%-ով, գառան մսինը՝ 2.6%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.1% եւ 0.6% -ով:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 4.7%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 4.3% գնանկում:
2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, ձվի գինն աճել է 13.5%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ արձանագրվել է 0.1% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 3.0% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ եւ 2023թ. հուլիսի համեմատ, արձանագրվել է 3.3% գնանկում: