«Բերդ» պարային անսամբլն այս տարի նշում է հիմնադրման 60-ամյակը, որն առանձնանում է տպավորիչ շրջագայություններով ու հյուրախաղերով։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Ժողովրդական արվեստների եւ ֆոլկլորային փառատոնների կազմակերպությունների միջազգային խորհրդի Ֆրանսիայի մասնաճյուղի հրավերով օրերս «Բերդ» պարային անսամբլը 30-հոգանոց խմբով 5 շաբաթ բազմաթիվ համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։
«Բերդ» պարային անսամբլի տնօրեն Ստեփան Գեւորգյանը նշեց, որ մասնակցել են «Festival Montoire Internasional 2023»-ի շրջանակներում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացվող մի շարք փառատոնների։ Մասնակցել են ավելի քան 40 երկիր ներկայացնող պարային համույթներ, ժողովրդական կոլեկտիվներ։
«Գլխավոր միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը վստահված էր «Բերդ» պարային անսամբլին։ Բացումը կատարեց Հայաստանը, փակումը՝ Արգենտինան։ Նշեմ, որ զուգահեռաբար «Բերդ» պարային անսամբլը հանդես եկավ բազմաթիվ մենահամերգներով։ Ասեմ, որ փառատոնների շրջանակում մեկ օրը նվիրվեց հայկական դուդուկին։ Ոչ միայն դուդուկի կատարումներ եղան, այլեւ ներկայացվեց այս հրաշք երաժշտական գործիքի պատմությունը, անցած ուղին։ Շատ տպավորված ենք, հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց «Բերդ» պարային անսամբլի արտիստներին»,-ասաց Ստեփան Գեւորգյանը։
«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը նշեց, որ 2016 թվականին եւս հյուրընկալվել էին այս փառատոնին, եւ այս անգամ ներկա էին մարդիկ, որոնք հիշում էին այդ ժամանակ հայ արտիստների ելույթը ու մեծ ոգեւորությամբ սպասում էին՝ կրկին վայելելու հայկական պարը, մշակույթը։
«Այստեղ կարեւոր է ոչ միայն հայկական մշակույթը տարածելը, այլեւ այդ մշակույթով մեր երկիրը սիրելի դարձնելը։ Մեր արտիստները հրաշալի գործ արեցին։ Հինգ շաբաթվա ընթացքում առաջին հայացքից հեշտ, բայց իրականում շատ դժվար ու ծավալուն աշխատանք կատարվեց մեր պարողների կողմից, ինչի համար շնորհակալ եմ»,-ասաց Կարեն Գեւորգյանը։
Հավելենք, որ «Բերդ» պարային անսամբլն այս 60 տարիներ ընթացքում կառուցել է ամրակուռ մի այնպիսի պարիսպ, որից ներս են մտել հազարավոր սաներ։ Նրանցից շատերն իրենց մեծ ներդրումն են ունեցել հայկական մշակույթի տարածման գործում։ Առաջիկայում անսամբլը կրկին պատրաստվում է համերգների։ Նախ՝ հոկտեմբերի սկզբին երեւանյան համերգն է, այնուհետեւ պարային խումբը մեկնում է հյուրախաղերի ԱՄՆ, Բուլղարիա, Ֆրանսիա, եվրոպական այլ երկրներ։
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ՓԱՐՊԻԻ ԵԿԵՂԵՑԻՆ
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ վերականգնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԿԳՄՍՆ աշխատակիցները հերթական այցն են կատարել մարզ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսելու, տեղում կապալառուի, տեխնիկական եւ հեղինակային հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:
ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքների ձեռք բերման բաց մրցույթը հայտարարվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մի քանի անգամ: Երրորդ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Հարսնաձոր» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր, որի շրջանակներում նախատեսվում է միչեւ 2025 թ. ավարտել հուշարձանի վերականգնողական աշխատանքները: Այցի նպատակն էր իրականացնել կապալառու կազմակերպության հանդիպումը որակի տեխնիկական եւ հեղինակային հսկողությունն իրականացնող կազմակերպությունների հետ նախքան շինարարական աշխատանքների մեկնարկը քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան շինհրապարակը պատշաճ կերպով կազմակերպման համար: Առաջիկա օրերին կկատարվի տարածքի սահմանազատում եւ շինհրապարակի կահավորում, որից հետո կսկսվեն աշխատանքները:
Նշենք, որ հաջորդ այցելված հուշարձանը Ոսկեհատի դամբարանադաշտն էր, որտեղ արդեն մի քանի ամիս պեղումներ է իրականացնում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը: Աշխատանքային խումբը ծանոթացել է պեղումների ընթացքին եւ արդյունքներին:
Այցի վերջին կանգառը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին էր, որի արեւմտյան պատի մի հատված փլուզվել էր մոտ մեկ ամիս առաջ: Նախատեսվում է հրատապ վերականգնել փլուզված հատվածը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
Goal.com-ը ներկայացրել է այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների տասնյակը։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին պահպանել է առաջին տեղը։
- Լիոնել Մեսի (ՊՍԺ / «Ինտեր Մայամի»)
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
- Կիլիան Մբապե (ՊՍԺ)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
- Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
- Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
- Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի» / «Բարսելոնա»)
- Վիկտոր Օսիմեն («Նապոլի»)
- Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»)
- Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը մեկ օրում էժանացել են 21 տոկոսով։ Սա ամենամեծ անկումն է 11 տարում։ Պատճատը ակումբի ամերիկացի սեփականատեր Գլեյզերների ընտանիքի որոշումն է հրաժարվել ակումբն ամբողջությամբ կամ մասնակի վաճառելու նպատակից. հաղորդում է Bloomberg-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» շուկայական կապիտալիզացիան կրճատվել է 700 միլիոն դոլարով եւ այժմ գնահատվում է 3,9 միլիարդ դոլար։
ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականում երկրորդ տարին անընդմեջ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լոնդոնի «Արսենալի» 22-ամյա հարձակվող Բուկայո Սական. հաղորդում է թիմի թվիթերյան էջը։
Քվեարկությունում նա առաջ է անցել Դորտմունդի «Բորուսիայից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված կիսապաշտպան Ջուդ Բելինգեմից եւ Լոնդոնի «Տոտենհեմից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Հարի Քեյնից։
Մրցանակը ստացել է ծննդյան օրը՝ սեպտեմբերի 5-ին։
ԱՄԲՈՂՋ ԿԱԶՄՈՎ
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաք անցկացնող Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն արդեն մարզվում է ամբողջական կազմով. հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պատրաստվում է «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Թուրքիայի թիմին, սեպտեմբերի 11-ին կընդունի խորվաթներին։