ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել Աժ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի նկատմամբ հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Սարգսյանի պաշտպան Դավիթ Հունանյանը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է իր բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը Լեւոն Սարգսյանին ազատազրկման էր դատապարտել 9 տարի ժամկետով եւ քրեական գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Ստացվում է՝ եթե Գլխավոր դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը չբողոքարկի, ապա Լեւոն Սարգսյանի գործով նոր քննություն է սկսվում: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը: Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ նա մինչ օրս գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ալրաղացի Լյովիկին դատապարտել էր ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ազատազրկման: Լեւոն Սարգսյանը դատարանի այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ էլ կայացվել է որոշում, եւ բեկանել են առաջին ատյանի դատարանի այս որոշումը. գործի քննությունը սկսել են նորից: Այս ընթացքում Լեւոն Սարգսյանը կմնա կալանքի տակ:
Իշխանականները տեւական դադարից հետո այսօր կրկին կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության նիստ կանի ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն մեկ ամիս է, ինչ իշխող ուժը ո՛չ վարչության, ո՛չ էլ խմբակցության նիստեր չի անում, քանի որ տարված է բացառապես քարոզարշավի հետ կապված հարցերով ու նիստերի ժամանակ չունի: Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստերը, սակայն, կրկին «կմիավորեն» ՔՊ-ականներին, եւ այսօր երեկոյան նրանք կհավաքվեն՝ խմբակցության նիստի: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, նիստին քննարկվելու են բացառապես առաջիկա ԱԺ նիստերի օրակարգի, իշխանության պահվածքի, ինչպես նաեւ քարոզարշավի հետ կապված հարցեր: Չնայած Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող լարված վիճակին՝ անվտանգային հարցերը չեն քննարկվելու ՔՊ նիստին: Ստացվում է՝ հայրենի իշխանականները ամեն ինչի ժամանակ ունեն՝ խնջույքների, քարոզարշավի, բայց մոռացել են իրենց բուն պարտականությունների մասին, այն է՝ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելը. նրանց համար առաջնայինը միայն նեղ կուսակցական հարցերն են: Նույն պահին Ադրբեջանում մոբիլիզացիա է, եւ Հայաստանի ու Արցախի սահմանին ուժեր են կուտակվում թշնամու կողմից:
Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված մեկ անձից գնումների ձեւաչափը, որ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ՀՀ գլխավոր դատախազությունում եւս կիրառելի է: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցում մեկ անձից կատարված գնումների միջոցով դրոշներ են գնվել: Մեկ անգամ նրանք 90 հազար դրամ են տվել եռագույն դրոշներ գնելու համար, մյուս դեպքում էլ՝ 190 հազար դրամ: Բացի դրոշներ գնելուց, դատախազությունը տվյալների պահոցի տրամադրման ծառայություններից էլ է օգտվել եւ երկու պայմանագիր կնքել՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով: Դրանցից մեկով պայմանագիրը կազմել է 50 մլն դրամ, իսկ մյուս դեպքում 46 մլն դրամ վճարվել է ուղիղ մեկ անձի՝ առանց մրցույթի՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից։ Բացի այդ, Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցը 100 հազար դրամով զինանշան է գնել: Եվս 130 հազար դրամ էլ ծախսվել է վերելակների նորոգման համար՝ «Տիգրան Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջից: Ամենաուշագրավ գնումը, իհարկե, դատախազության զուգարանի թանկարժեք խոզանակներն են: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 237 հազար 600 դրամով դատախազությունը զուգարանի խոզանակներ է գնել, այսինքն՝ մեկ խոզանակը մոտ 20 հազար դրամով:
Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաեւ իրավապաշտպան, կենդանիների պաշտպան Նարե Արամյանը՝ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դուստրը: Վերջինս հայտնի է «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուից որպես փորձագետ, որը պարբերաբար մասնակցում է հաղորդումներին: Նարե Արամյանը նաեւ Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հիմնադիրն է: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում բազմիցս անդրադարձել է կենտրոնի գործունեությանը: Դեռ 2021թ.-ին գրել էինք, որ աշխատակիցները շատ դժգոհ են այնտեղ ստեղծված իրավիճակից. նրանք պնդում էին, որ 10 տարի շարունակ Նարե Արամյանը պատշաճ չի վճարում իրենց աշխատավարձերը եւ զբաղվում է անօրինականություններով: Ինչպես աշխատակիցներն էին մեզ հետ զրույցում ահազանգել, կենտրոնի բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը կեղծված են, իսկ տնօրեն Նարե Արամյանը մեծ կոռուպցիայի մեջ է ներքաշված: Պարզվում է, որ Պատանեկության ստեղծագործական կենտրոնում կրկին բարձիթողի վիճակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է աշխատակիցներից ահազանգեր ստանալ, որ խնդիրը 2 տարի անց էլ դեռ չի լուծվել: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Նարե Արամյանի հետ՝ ստանալու նրա պարզաբանումը, թե ինչու է այդ իրավիճակը կենտրոնում: Պարզվում է, որ վերջինս արդեն մեկ տարի է, ինչ չի զբաղեցնում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրենի պաշտոնը, իսկ թե որն է պատճառը, մեզ հետ զրույցում նա նշեց, որ աշխատանքային պայմանագիրը լուծարվել է. «Աշխատավարձի հետ կապված խնդիրները կազմակերպությունները չեն լուծում. դա Երեւանի քաղաքապետարանի խնդիրն է: Այստեղ էական չէ՝ ով է տնօրենը, կազմակերպությունը չի կարող պարտասխանատվություն կրել դրա համար, քանի որ քաղաքապետարանի տիրույթում է: Իսկ թե ինչու մինչ այսօր դժգոհություններ կան, այդ հարցով նոր տնօրենին պետք է դիմել, բայց եթե անգամ նրան էլ դիմեք, դուք գիտեք, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում պատասխանատուն համայնքային գերատեսչություններն են», -ասաց նա: