ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու եւ շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձեւական մրցույթ: Վ.Ե.-ն իր կողմից գլխավորած մրցույթում հաղթող է ճանաչել ինքն իրեն եւ 2007 թվականի սեպտեմբերի 25-ին լիազորված անձանց միջոցով ինքն իր հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր՝ 25 տարի ժամկետով, տարեկան 912 դրամ վարձավճարով:

 

Պայմանագիրը կնքելուց հետո Վ.Ե.-ն վերոնշյալ հողամասի 0,2 հա մակերեսով տարածքը տարեկան 480 հազար դրամ վարձավճարով հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը: Արդյունքում 2007-2010 թվականներին վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ:

Բացի այդ, Վ.Ե.-ն 2005 թվականի հունիսի 17-ին «Քարաբերդ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 38.0219 հա մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով, տարեկան 467 հազար 970 դրամ վարձավճարով տրամադրել է «Քարաբերդ» ընկերությանը: 2005 թվականի հուլիսի 7-ին «Քարաբերդ» ՍՊ ընկերությունն իրեն հանձնված նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը, տարեկան 600 հազար դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալությամբ հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը, այնուհետեւ՝ «Արմենթել» ՓԲ ընկերությանը: Արդյունքում 2005-2012 թվականներին վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ:

2023 թվականի հունվարի 24-ին Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից:

2023 թվականի ապրիլի 14-ին գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու եւ վարույթը կարճելու որոշումը:

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 12-ին Վ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 1-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

 

 

 

 

ՀԱՅՐԱԿԱՆ ՏԱՆ ՎԱՃԱՌՔՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարիամ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել:

 

Նա, իր հայրական տան վաճառքի հետ կապված գումարային հարցի շուրջ գտնվելով լարված հարաբերությունների մեջ իր հանգուցյալ հոր երկրորդ կնոջ` Արմինե Վարդանյանի հետ, վերջինիս վերաբերյալ տարածել է վարկաբեկող տեղեկությունենր, որից հետո Արմինե Վարդանյանը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժին:

Դրանից հետո` 2023 թվականի փետրվարի 3-ից մինչեւ փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, Մարիամ Գալստյանը մերձավոր ազգական հանդիսացող Արմինե Վարդանյանին «Տելեգրամ» հավելվածի միջոցով ուղարկել է դանակը ձեռքին լուսանկար, այնուհետեւ սպառնալիքներ պարունակող ձայնային հաղորդագրություններ եւ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայության պայմաններում այդկերպ տվել սպանության եւ գույքը ոչնչացնելու սպառնալիքներ` ասելով. «Այ էս դանակը ձեռս ֆռում եմ. մի հատ հակա բան ինձ արեցիր, կոխում եմ վիզդ էսի», «Պտի նավթը լցնեմ ավտոյիդ վրա, սպիչկա տամ հայաթում պաժառ ընկնի ավտոդ», որոնք Արմինե Վարդանյանն ընդունել է իրական` բավարար հիմքեր ունենալով վախենալու դրանց իրականացումից:

Այնուհետեւ Մարիամ Գալստյանը նույն հավելվածի միջոցով Արմինե Վարդանյանին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող ձայնային հաղորդագրություններ` ուղղված վերջինիս երեխաներին, իր մերձավոր ազգականներ հանդիսացող` 25.01.2008թ.-ին ծնված Քնարիկ Գալստյանին եւ 18.04.2009 թվականին ծնված Մովսես Գալստյանին` ասելով. «Տղուդ դիակը կփռեմ դուրսը, կգամ կասեմ՝ ան, հեսա, վեկալ տղուդ դիակը», «Դե դու կտենաս՝ ես քո աղջկա դիակը փռելու եմ, ինձ չի հետաքրքրում արդեն»` այդ կերպ նպատակ ունենալով վախեցնել եւ սեփական անվտանգության համար անհանգստության զգացում առաջացնել նրանց մոտ:

Քնարիկ եւ Մովսես Գալստյանները, լսելով նշված սպառնալիքներն ու բավարար հիմքեր ունենալով վախենալու դրանց իրականացումից, դրանք ընդունել են իրական եւ գտնվելով վախի ազդեցության տակ` մի քանի օր շարունակ դպրոց չեն հաճախել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԷՍԵՆՑԻԱՆ՝ ՕՂՈՒ ՓՈԽԱՐԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Տաշիր քաղաքում։

1950 թվականին ծնված տղամարդը տանը հաց ուտելիս էսենցիայով լցված շիշը շփոթել է օղու հետ, լցրել է օղու բաժակի մեջ ու խմել։

Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առեւանգված եւ ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին եւ Լեւոն Գրիգորյանին։

Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։

Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի եւ Լեւոն Գրիգորյանի առեւանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական եւ ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի եւ առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն։

Քաղաքացիական անձանց, մասնավորապես՝ Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի, Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի եւ Լեւոն Գրիգորյանի առեւանգումն ու կամայական ազատազրկումը, Ադրբեջանի կողմից կեղծ եւ շինծու քրեական գործերի հարուցումը աներկբա փաստում են, որ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետը ուղիղ եւ անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության եւ հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առեւանգվում եւ ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք, շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից եւ մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից»։

 

 

 




Լրահոս