«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում որոշվեց շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ (17,380,800.0 ֆունտ ստերլինգ) հատկացնել Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։ Այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։
Սեյնթ Ջեյմս հրապարակը, որտեղ գտնվում է շենքը, համարվում է Լոնդոնի ամենահեղինակավոր եւ ամենաթանկարժեք թաղամասերից մեկը, ունի պատմամշակութային գրանցում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992 թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը, ըստ որոշման նախագծի հիմնավորման, «մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները»:
Նշենք, որ 2023 թ. ապրիլից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են տարվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռք բերման նպատակով: Անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում՝ մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի եւ ՄԹ վարչապետի, պաշտպանութան նախարարության, անվտանգության խորհրդի եւ այլ պետական մարմինների հարեւանությամբ, որոնց հետ դեսպանությունը իր գործունեութան ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ: Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ:
«Պետք է հաշվի առնել նաեւ, որ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի ամենագրավիչ անշարժ գույքի շուկաներից մեկը, եւ անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատեւ ներդրում։
Հավելենք, որ շենքի վաճառքի ընդհանուր գինը կազմելու է 17,380,800.0 ֆունտ ստերլինգ: ՀՀ կառավարության՝ 2023 թ. օգոստոսի 3-ի թիվ 1324-Ն որոշման համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 710,000.0 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ՝ որպես գնվող շենքի կանխավճար, որը փոխանցվել է հասցեատիրոջը»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ։
«2022 թվականի տարեկան հաշվետվությունը հրապարակելու պահին ընկերությունը հայտարարեց, որ AGL-ը վերանայում է գույքի օգտագործումը: Տարբերակները ներառում էին վաճառքը կամ երրորդ անձանց վարձակալության տալը: Մանրակրկիտ քննարկումից հետո գույքի վաճառքն ավելի ծախսարդյունավետ համարվեց, քանի որ վարձակալությունից լրացուցիչ եկամտի համար դրա պահպանումը կպահանջի զգալի կապիտալ ծախսեր՝ էներգաարդյունավետություն եւ այլ բարելավումներ ապահովելու համար։ Վաճառքի արդյունքում խումբն ակնկալում է խնայել տարեկան մոտավորապես 1,5 միլիոն դոլար վարչական եւ ֆինանսական ծախսերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ԽԹԱՆ՝ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Կառավարությունը սեպտեմբերի 7-ի նիստում լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում քաղաքացիական եւ ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման ընթացակարգային հարցերի կարգավորման նպատակով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ըստ հիմնավորման՝ ներկայումս «Արզնի» օդանավակայանը ներառված է ռազմական օդանավակայանների ցանկում եւ գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ «Արզնի» օդանավակայանը, ընդգրկվելով քաղաքացիական եւ ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում, հնարավորություն կընձեռվի զարգացնելու ՀՀ-ում փոքր ավիացիայի ոլորտը։
Հավելենք, որ ներկայումս հանրապետությունում փոքր եւ ուսումնական ավիացիայի ոլորտում շահագործվող օդանավերն ունեն խնդիրներ օդանավերի բազավորման հարցում, եւ որոշման ընդունումը կնպաստի տվյալ հարցի կարգավորմանը։ Այն կնպաստի նաեւ ուսումնական ավիացիայի զարգացմանը, ինչպես նաեւ կարող է ներդրողների համար գրավիչ միջավայր ստեղծել։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ինչի արդյունքում, ՀՀ վարչապետի որոշմամբ, կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգը:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի՝ հաշվի առնելով, որ օրենքում առկա իրավակարգավորումները վերաբերում են միայն որոշ պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների՝ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից օգտվելուն՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում նախատեսել դրույթներ նաեւ օդանավակայանների մյուս՝ պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու կարգի վերաբերյալ՝ սահմանելով լիազորող նորմ, որի հիման վրա, վարչապետի որոշմամբ, սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը:
Նշենք նաեւ, որ հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, նշելով, որ իրավակարգավորումները փաստացի նոր չեն, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի հերթական նիստում:
ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, թե մարզպետարանի ենթակայության ներքո գործող որ բուժհիմնարկների շենքերը հիմնանորոգման եւ վերանորոգման կարիք ունեն։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության 21 բուժհիմնարկներից (ինչպես նաեւ նրանց կազմում գործող 39 բուժակամանկաբարձական կետերից) վերանորոգման, հիմնանորոգման եւ նորի կառուցման կարիք ունեն հետեւյալ բուժհիմնարկները եւ նրանց կազմում գործող բուժակամանկաբարձական կետերը՝
1)«Հաղարծինի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի Ներքին Գոշի ԲՄԿ-ների կառուցման կամ նոր վագոն-տնակի կարիք,
2)«Գետահովիտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցման կարիք,
3)«Իջեւանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի Լուսաձորի ԲՄԿ հիմնանորոգման կարիք,
4) «Այգեհովիտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի Կայանավանի ԲՄԿ հիմնանորոգման կարիք,
5) «Խաշթառակի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի Լուսահովիտի ԲՄԿ հիմնանորոգման կարիք,
6) «Սեւքարի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի Աճարկուտի եւ Սարիգյուղի ԲՄԿ-ներ հիմնանորոգման կարիք,
7) «Նավուրի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի Իծաքարի ԲՄԿ-հիմնանորոգման կարիք,
8) «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ-ի մանկական եւ ինֆեկցիոն բաժանմունքների շենքի կառուցում եւ Ջուջեւանի ԲՄԿ հիմնանորոգման կարիք,
9) «Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ նոր շենքի կառուցման կարիք,
10) «Ոսկեվանի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի Ոսկեպարի ԲՄԿ հիմնանորոգման կարիք,
11) «Կողբի ԳԲԱ» ՀՈԱԿ նոր շենքի կառուցման կարիք,
12) «Բագրատաշենի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի Դեբեդավանի ԲՄԿ հիմնանորոգման կարիք,
13) «Զորականի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի Հաղթանակի ԲՄԿ հիմնանորոգման կարիք։
«Գետահովիտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի, «Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի նոր շենքերի կառուցման նպատակով համայնքների կողմից կատարվել է հողհատկացում, եւ իրականացվում են նախագծային-նախահաշիվային աշխատանքներ (պետբյուջե): Նոյեմբերյանի ԲԿ-ի մանկական եւ ինֆեկցիոն բաժանմունքների շենքի կառուցումն ավարտական փուլում է («Հայաստան» համահայկական հիմնադրամ), «Կոթիի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի Բարեկամավանի ԲՄԿ-ի տեղափոխման նպատակով Կարմիր խաչի կողմից իրականացվում է նախկին գյուղապետարանի շենքի հիմնանորոգում: ՀՕՖ-ի կողմից իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների բուժհիմնարկների վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ( 2023-2024թթ): Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առողջապահական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից միայն բուժսպասարկման, լաբորատոր-գործիքային եւ դեղորայքային ապահովման համար: Կառուցման, հիմնանորոգման կամ վերանորոգման որոշումները կայացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մարզպետարանի կողմից մշտական քայլեր են ձեռնարկվում մարզի որոշ բուժհիմնարկներ այդ ցանկում ընգրկելու համար, ինչպես նաեւ հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների միջոցներով առողջապահության ոլորտի կազմակերպությունների շենքային վիճակը բարելավելու ուղղությամբ»:
Այդ բուժհիմնարկների շենքերը նորոգելու համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվում, իսկ օգոստոսի 25-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պետական բյուջեից ստացել են 50 միլիոն 395 հազար դրամ պարգեւավճար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ