ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի «Սիրահարների այգում» սեպտեմբերի 9-ին «Newmag» հրատարակչությունը կանցկացնի «Ֆրանկոֆեստ» ֆրանսերեն գրքերի եւ ֆրանկոֆոն բովանդակության փառատոնը։ Այն համախմբելու է երիտասարդներին, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցասերներին ու պարզապես եվրոպական մշակույթի ու գրականության սիրահարներին: «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ զգալի աշխատանք է կատարվել այս ուղղությամբ։  

 

«Հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական հարաբերությունները բավական ակտիվ են։ 1988 թվականին Ֆրանսիան առաջինն էր, որ ձեռք մեկնեց Հայաստանին, այնուհետեւ մեր երկրի համար կարեւոր բոլոր հարցերում Ֆրանսիան մասնակցություն ունեցել է։ Բոլորովին վերջերս Փարիզի քաղաքապետն էր Հայաստանում, որը փորձում էր հումանիտար օգնություն հասցնել Արցախ։ Տնտեսական առումով եւս ակտիվություն կա, ֆրանսիական կապիտալը վաղուց է այստեղ։ Ինչ վերաբերում է մշակութային համագործակցությանը, ապա, կարծում եմ, որ մեր հաղորդակցությունը միակողմանի է եղել։ Հայաստանից չեն եղել շատ նախաձեռնություններ։ Ահա այս երկարամյա բարեկամության մեջ մենք ենք ուզում լինել նաեւ նախաձեռնող, փոխադարձ քայլ անող, որ ներկայացնենք ֆրանսիական բովանդակությունը, առավել եւս որ հրատարակչական շուկայում շատ չեն ժամանակակից ֆրանսիացի գրողները»,-ասաց Արտակ Ալեքսանյանը։

«FRANCOFEST» փառատոնին «Newmag» հրատարակչությունը պատրաստել է չորս նոր գիրք։ Դրանք են բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի ինտելեկտուալ եւ հումորային գործը՝ «Կապույտ մորուքը», շվեյցարացի գրող Ժոել Դիկերի վեպը՝ «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի մասին», Անդրեյ Մակինի նոր վեպը՝ «Հայ ընկերը», եւ վաճառքի բացարձակ ռեկորդակիր, Անյես Մարտեն-Լուգանի սիրային դրաման՝ «Երջանիկներն ընթերցում են եւ սրճում»։ «Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ օրը ներկայացվելու է նաեւ իրենց հրատարակած 150 անուն գիրք։ Գրքերի վաճառքի ժամանակ գործելու են զեղչեր։

Փառատոնի բացման արարողությունը վստահված է «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլին։ Ողջ օրվա ընթացքում կազմակերպիչները ընթերցասերների համար հագեցած ծրագիր են նախապատրաստել։  Փառատոնին ջազային համարներով կներկայանա սաքսոֆոնահար Դավ Հովհաննիսյանը։ Կլինի հեքիաթի ժամ, փոքրիկների համար ֆրանսերեն հեքիաթներ կընթերցեն «Alliance Francaise d’Armenie»-ի մասնագետները։ Այնուհետեւ կանցկացվի ֆրանսերենի բաց դաս սկսնակների համար։  Նախատեսված է թատերական ընթերցում բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» գրքից։ Երաժշտական կատարումներով հանդես կգա «Gorgeouz Beats»-ը: Հաջորդ երաժշտական անակնկալը երգի ու տեսահոլովակի պրեմիերա է։ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը կկատարի Շառլ Ազնավուրի «Պատերազմի մանուկները» հանրահայտ երգը հայերեն։ Երգը նվիրում է Արցախում մոտ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող 30.000 փոքրիկներին։

 

 

 

ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երգչուհի Էլեն Երեմյանը կամ բոլորին հայտնի Brunette-ը վերջերս ամուսնացել է։

Փեսացուն 12 club-ի հիմնադիր Նարեկ Մանուկյանն է։ Երգչուհին որեւէ հրապարակում չի ունեցել սոցիալական ցանցերի իր էջերում, իսկ իր անձնականը միշտ գաղտնի է պահել։

Հիշեցնենք, որ Brunette-ը 2023 թվականին ներկայացրել է Հայաստանը Լիվերպուլում «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում։ Նա 122 միավորով գրավել է 14-րդ տեղը։ Երգչուհին սկսել է երգել դեռեւս 4 տարեկանից եւ առաջին քայլերն արել է «Արեւիկ» անսամբլում, որտեղ նաեւ հանդես է եկել Լիդուշիկի հետ:

Նա նաեւ Project 12 խմբի անդամ է, որի հիմնադիրը, ինչպես նշեցինք, ամուսինն է՝ Նարեկ Մանուկյանը։

 

 

 

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար կիսվում է հրապարակումներով, որոնցում արտահայտում է իր ցավն ու անհանգստությունը Հայաստանի, Արցախի ու մեր ժողովրդի կյանքում ի հայտ եկած վերջին տարիների դժվարությունների մասին:

Հովհանիսյանը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում գրում է. «Օգոստոսի 28-ին առեւանգված արցախցի երիտասարդներին այսօ՞ր էին արտաքսելու Ադրբեջանից…Ի՜նչ հեշտ են մոռանում բայց…»:

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան եկող երեք երիտասարդներին՝ ֆուտբոլիստներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին, Լեւոն Գրիգորյանին, որոնք, ի թիվս այլ քաղաքացիների, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվում էին Հայաստան` ուսումը շարունակելու, օգոստոսի 28-ի առավոտյան առեւանգել էին Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղադրված ադրբեջանական անցակետից: Ադրբեջանը մեղադրում է նրանց «պետական դրոշի նկատմամբ» վիրավորական գործողությունների համար։ Այս մասին հայտարարություն էր տարածել Ադրբեջանի դատախազությունը։

Ադրբեջանի դատախազությունը նշում է, որ երկու հոդվածներով հարուցվել էին քրեական գործեր՝ «ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն եւ թշնամանք հրահրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից» եւ «Ադրբեջանի պետական դրոշի կամ պետական զինանշանի նկատմամբ անարգանք»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ երիտասարդների նկատմամբ «կիրառվել էր 10 օրով վարչական ձերբակալություն», որի ավարտից հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԵԿՆԵՑԻՆ ԹՈՒՐՔԻԱ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ ազգային հավաքականը երեկ մեկնել է մրցավայր։

«Եվրո-2024»-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցակցի հարկի տակ կխաղա Թուրքիայի ընտրանու հետ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ սեպտեմբերի 8-ին։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում։ Հայաստան-Խորվաթիա խաղը սեպտեմբերի 11-ին է:

 

 

 

«ԲՈՐՈՒՍԻԱՅԻՑ»՝ «ԱՆԴԵՐԼԵԽՏ»

30-ամյա բելգիացի հարձակվող Տորգան Ազարը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց բելգիական «Անդերլեխտ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի գինը կազմել է 4 միլիոն եվրո։

Ազարը 2019 թվականին էր միացել «Բորուսիային», այս տարվա հունվարից վարձակալությամբ հանդես էր գալիս հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենում»՝ 13 խաղում խփելով 2 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը ակումբային կարիերայում հանդես է եկել նաեւ բելգիական «Զյուլտե-Վարեգեմում», ֆրանսիական «Լանսում», Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ՝ ԾԱՆՐԱՄԱՐՏԻՑ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչները։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը ելույթ են ունեցել 55 կգ քաշային կարգում։

2023թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յայլյանը «Պոկում» վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածք է ստացել եւ ավարտել ելույթը` ստանալով զրո։

Մեծահասակների ԱԱ-ում նորամուտը նշած Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում գրանցել է 190 կգ (83+107) արդյունք ու գրավել 6-րդ տեղը։

Երկամարտի 203 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն է դարձել Թայպեյի ներկայացուցիչ Չեն-Գուան Լինգը։

Հայաստանի կանանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ)։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի համար։

 




Լրահոս