Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ Կառավարության դիմաց մի խումբ տնտեսվարողներ ակցիա էին իրականացնում:
Տնտեսվարողները պահանջում են ՊԵԿ-ից արգելել Wildberries եւ Azon առցանց խանութներին Հայաստանում էժան պատվիրված ապրանքների վաճառքը: Ինչպես ակցիա իրականացնող տնտեսվարողներն են պնդում, դա զգալի վնասում է իրենց առեւտրին, շատ դեպքերում ստիպված են լինում անգամ փակել իրենց առեւտրային բիզնեսը:
ԱՐԺՈՒՅԹ
ՀԱՐՑ. Շուկայից արտարժույթ գնելիս արդյոք ԿԲ-ն չի՞ ազդում փոխարժեքի ձեւավորման վրա:
Սիսիան Ալավերդյան (28 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գնաճի ծրագրավորված մակարդակն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է փողի քանակի ծավալային կարգավորում` կիրառելով դրամավարկային քաղաքականության ընդունված գործիքակազմը, որի մեջ ներառված են նաեւ արտարժույթի թե՛ առքը, թե՛ վաճառքը: Բնական է, որ շուկայի ցանկացած մասնակցի նման կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առքը մեծացնում է արտարժույթի պահանջարկը, ինչպես որ կենտրոնական բանկի կողմից արտարժույթի վաճառքն ավելացնում է դրա առաջարկը` ազդելով այդպիսով շուկայում ձեւավորվող փոխարժեքի վրա:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ կենտրոնական բանկի գործելակերպի առանցքներից մեկը նաեւ շուկայից օգտվողի կարգավիճակի պահպանումն է: Դա նշանակում է, որ կենտրոնական բանկը չի միջամտում ազատ շուկայական մեխանիզմներին եւ իր գործունեությունն իրականացնում է շուկայի կողմից թելադրվող կանոններով, ծավալային առումով կենտրոնական բանկի մասնակցությունը շուկային մեծ չէ եւ միտում չունի էականորեն շեղելու կամ ամրագրելու փոխարժեքը:
Ելնելով այս բնութագրիչներից՝ կարող ենք պնդել՝ ՀՀ կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն:
ԳՈՐԾԱՐՔ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող են մասնավորեցման գործարքները անվավեր ճանաչվել։
Էլեն Աթոյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետեւանքով պետական սեփականություն ձեռք բերած անձն իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող հարցով:
Պետական գույքի կառավարման կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնավորեցման համար վճարումները, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաեւ մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին: