ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ՝ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թշնամին զորքեր է կուտակում ՀՀ-ի եւ Արցախի հետ սահմանին. այս մասին կառավարության վերջին նիստին բաց տեքստով հայտարարեց նաեւ Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչպես փորձագետներն են պնդում, Ադրբեջանի ձեռագիրը նույնն է, ինչ 2020թ-ի սեպտեմբերի 27-ից առաջ:

Ի՞նչ սպասել թշնամու սադրանքներից, ի՞նչ զարգացումներ կլինեն առաջիկայում. այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ:

-Միանգամից ասեմ, որ մեր պատերազմը չէր կարող ավարտվել ո՛չ 1994, ո՛չ 2016 եւ ո՛չ էլ 2020 թվականներին: Մենք ունեինք պարզապես զինադադար թշնամու հետ, որն ուզում է մեր կործանումը, հայոց պետականության վերացումը եւ հայ ժողովրդի հեռացումը այս տարածաշրջանից: Մենք ամեն րոպե եւ ամեն վայրկյան պետք է ծախսենք ուժեղանալու վրա: Կոնկրետ այս պահին՝ սեպտեմբերի առաջին կեսին պատերազմ կլինի, թե ոչ, շատ դժվար է պատասխանել, որովհետեւ ինձ նման մասնավոր անձնավորությունը չունի ներքին փակ, գաղտնի ինֆորմացիա,  եւ ստիպված ենք հետեւություններ անել  ընդհանուր աղբյուրներից ստացված տեղեկությամբ այնքանով միայն, որ մի փոքր գիտենք պատմություն, զբաղվում ենք քաղաքականությամբ  եւ այլն: Այդուհանդերձ, կարող եմ ասել, որ կան որոշ հանգամանքներ, որոնք էական ազդեցություն են ունեցել այն հանգամանքի վրա, որ լայնամասշտաբ պատերազմ, այդուամենայնիվ, չի լինի: Այս առումով ամենից առաջ կկարեւորեի ԱՄՆ ակտիվ դիրքորոշումը: Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եւ Ալիեւի հեռախոսազրույցը, որից հետո կամ որի ընթացքում վերջին էսկալացիան Սոթքում հանգեց: Անցած տարի էլ, էսկալացիան երբ որ եղավ, նոր զսպիչ ազդեցություններ եղան: Այս առումով  պետք է առանձնացնել եվրոպական կողմի դիրքորոշումները, հատկապես՝ Ֆրանսիայի: Վերջերս Գերմանիան եւս ակտիվացավ այս ոլորտում: Մի խոսքով, Եվրոպական միության մոտեցումն այն է, որ չպետք է թույլ տալ էսկալացիա: Միաժամանակ Թուրքիայի վիճակն էլ միանշանակորեն լավ չէ, եւ  Էրդողանը, այսպես ասած, «այն Էրդողանը չէ», որ 2020 թվականին էր. բազմաթիվ խնդիրներ նրան փոխել են: Այս առումով կարող ենք մեզ թույլ տալ զգուշորեն ու լավատեսորեն… Գոնե լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը որոշակիորեն ցածր է:

Ինչ վերաբերում է կուտակումներին, ճիշտ է, այն ինքնին պատերազմի նախանշում է իրենից ենթադրում, սակայն բազմաթիվ օրինակներ կան, որ կուտակումներ լինում են, բայց չի լինում պատերազմ: Մենք երկու տարբերակն էլ պետք է հաշվի առնենք: Երբ ասում ենք, որ եղավ կուտակում, ապա՝ պատերազմ, պետք է հիշել հազարավոր դեպքերի մասին, երբ եղավ կուտակում, բայց չեղավ պատերազմ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՎՔ

Սեպտեմբերին՝ նոր ուսամնական տարվա սկզբին, դպրոցականներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին սպասվում էր տհաճ անակնկալ. դասագրքեր չկան։

Ըստ նախարարության՝ մրցույթում, որը հայտարարվել էր անցած տարի, բավարար քանակի մասնակից չի եղել։

Սեպտեմբերից օրեր անց  դպրոցներում բաժանվեցին մի քանի դասագրքեր, որոնք ունեն խայտառակ բովանդակություն, որի մասին նախկինում գրել էինք։ Մաթեմատիկայի դասագրքերում՝ խնդիրների կողքին, QR-ը սկան անելու դեպքում հայտնվում է խնդրի լուծումը, որի մասին բողոքում էին ծնողները։

Այս մյուս դեպքում էլ պատմության գրքերի անվանումները փոխվել են՝ դառնալով «Իմ հայրենքը»։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝  հանվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։ Այն միացվել է «Իմ հայրենք» առարկային։

Պատմության գրքերում ավելացվել են «թավշյա հեղափոխության» մասին մանրամասներ,  հատուկ հատվածներ է հատկացվել թավշյա հեղափոխության «դեմքերին»։ Այսինքն՝ իշխանությունները փոխում են դասագրքերը, փոխում պատմության գրքերի բովանդակությունը, նաեւ խնդրահարույց համարում նախկին գրքերի բովանդակությունը, իսկ այս դասագրքերում գովում եւ փառաբանում են իրենց «վաստակը»։

 

 

 

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԱՋԻԵՎԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի զինված ուժերը պլանային վարժանքներ են անցկացնում աշուն-ձմեռ սեզոնին նախապատրաստվելու համար:

Այս տեղեկությունը հաստատել է  Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։

«Սա կանոնավոր պլանավորման գործընթացի մի մասն է»,- հավելել է նա՝ Հայաստանին մեղադրելով սահմանին զորքեր կուտակելու եւ նոր սպառազինությունների համակարգեր ձեռք բերելու համար։

Նրա խոսքով՝ Ղարաբաղում գտնվող հայկական ուժերը նույնպես դուրս են եկել իրենց զորանոցներից եւ բարձր պատրաստվածության վիճակում տեղակայվել առաջնագծում։

«Մեր ռազմավարությունն է ճնշել եւ չեզոքացնել Ադրբեջանի դեմ ցանկացած զինված կամ անօրինական ռազմական գործողություն կամ սադրանք»,- հավելել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՆԵՑՎՍԾՔԸ

Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունվարի 13-ին։ Թեւոնյանը եւս այն անձանցից է, որը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա 7 տարի զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, սակայն 2018 թվականից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դարձավ  Ազգային ժողովում։

Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա՝ մարզպետը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ հողամաս՝ ձեռք բերված 1991 թվականին, եւ մեկ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2010 թվականին. երկու գույքերն էլ գտնվում են Արարատի մարզի Արալեզ գյուղում։

2022 թվականին Թեւոնյանը Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է նվիրատվություն ստացել Ռուզաննա Ստեփանյանից։

2019 թվականին մարզպետը գնել է մեքենա՝ նույն տարվա արտադրության, Toyota մակնիշի։

Մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 400 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 843 հազար դրամ, որից 11 մլն 52 հազարը ՀՀ Արարատի մարզպետարանից է՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 791 հազարը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրություն։

Մարզպետի կնոջ՝ Նանե Մարտիրոսյանի հայտարարագրում եւս ներկայացված է Արաբկիր վարչական շրջանում նվիրատվություն ստացած բնակարանը։ Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 346 հազար դրամ, որից 2 մլն 106 հազարը աշխատանքի վարձատրություն է Արարատի բժշկական կենտրոնից, որտեղ Մարտիրոսյանն աշխատում է որպես բժիշկ-ճառագայթաբան։ Եկամտի մյուս մասը՝ 3 մլն 240 հազարը, վարձակալության դիմաց ստացված վճար է, գործարքի մյուս կողմը  Արարատի բժշկական քոլեջն է։

Ռազմիկ Թեւոնյանը՝ մարզպետի հայրը, հաշվետու տարվա ընթացքում ստացել է 56 մլն 509 հազար դրամ տարեկան եկամուտ։ Որպես աշխատանքի վարձատրություն՝ նա ստացել է 1 մլն 364 հազար դրամ Երասխի գինու գործարանից, 1 մլն 144 հազար՝ ՀՀ Արարատի մարզպետարանից, եւ 54 մլն դրամ՝ շուկայից, ըստ երեւույթին, գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունքում, քանի որ մարզպետի հայրը կարծես սեփականաշնորհել է Արարատի Արալեզ համայնքի բոլոր մշակելի ցանքատարածությունները։ Նա հայտարարագրել է 17 անշարժ գույք, այդ թվում ՝ 8 միանձնյա սեփականությամբ հողամաս, 6 միանձնյա սեփականությամբ բազմամյա տնկի, 2 համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն՝ միանձնյա սեփականությամբ։

Հողամասերը ձեռք են բերված տարբեր ժամանակահատվածներում, հիմնականում՝ երբ հայրն էր մարզպետ կամ որդին։

Ռազմիկ Թեւոնյանի հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 707 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 238 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 65 մլն դրամ։

Մարզպետի հետ համատեղ բնակվող Ռուզան Մարգարյանը՝ մայրը, հայտարարագրել է Ռազմիկ Թեւոնյանի հետ համատեղ սեփականությամբ 1 հողամաս եւ անհատական բնակելի 1 տուն, 1 միանձնյա սեփականությամբ հողամաս։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 500 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 947 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է «Արփի» գինու գործարանից։ Ըստ Սեդրակ Թեւոնյանի հայտարարագրի՝ Մարգարյանը «Գինեթաս» ՍՊԸ-ի տնօրեն է։  Քերոբ Թեւոնյանը՝ մարզպետի եղբայրը, հայտարարագրել է 2 հողամաս եւ հասարակական նշանակության մեկ շինություն։  Նա հայտարարագրել է 2020 թվականին ձեռք բերված՝ 2017 թվականի արտադրության, Hyundai մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 20 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 371 հազար դրամ, որից 371 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ից, որտեղ աշխատում է որպես ապրանքագետ։ 15 միլիոն դրամը վարկ է «Ակբա բանկ»  ԲԲԸ-ից։

 




Լրահոս