ԻՇԽԱՆՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝  Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հանդես է եկել Արցախի ժողովրդին ուղղված կոչով:

 

Կոչում ասվում է, որ սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ:

«Ստեղծված ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու եւ արտաքին մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով»,-ասել է Իշխանյանը:

Իշխանյանի խոսքով՝ երկրի ղեկավար ընտրելու իրավունքն ու պարտականությունը Սահմանադրությամբ դրված է ժողովրդի կողմից  ընտրված խորհրդարանի վրա: Բացառապես Արցախի Ազգային ժողովի խմբակցություններին է վերապահված հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունը, ինչն էլ իրականացվել է սահմանված կարգով:

«Առ այսօր հանրապետության նախագահի հրաժարականի եւ նոր նախագահի ընտրության համար նախապատրաստական բոլոր գործընթացները կազմակերպվել են Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով առկա սուր ճգնաժամային իրավիճակը»:

Նկատի ունենալով վերջին օրերին հանրային տրամադրություններում զարգացող որոշակի վտանգավոր միտումները՝ այս պատասխանատու պահին Դավիթ Իշխանյանն իրեն  վերապահված իրավունքով սթափության կոչ է անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին եւ, հանուն ընդհանուր շահի, մի կողմ թողնել անձնական նախապատվությունները:

«Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում: Ուզում եմ հատուկ ընդգծել եւ վստահեցնել ձեզ, որ ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով»,- հավելել է Իշխանյանը:

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ի չիք դարձնելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի ցանկությունը, եւ որեւէ գործողությամբ չպետք է նպաստենք ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը:

«Մենք հանձնառու ենք պաշտպանելու եւ ամրապնդելու երեք տասնամյակ կերտած պետականության հիմքերը: Դա մեր ժողովրդի ցանկությունն է, կամքը, եւ մենք պարտավոր ենք առաջնորդվել այդ պատգամներով:

Հաջողություն եմ մաղթում բոլորիս այս հույժ կարեւոր քաղաքական գործընթացն իրականացնելու ճանապարհին:

Հավատացա՛ծ եղեք՝ միասին անհնարը հնարավոր կդարձնենք»,- եզրափակել է նա:

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ սահման – Մարգարա – Վանաձոր – Տաշիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սեպտեմբերի 11-ից մինչեւ 15-ը՝ ժամը 9:00-ից 13:00-ն եւ 14:00-ից 18:00-ն, Պուշկինի թունելով երթեւեկությունը կդադարեցվի։

 

 

 

ԱՐՑԱԽԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Սեպտեմբերի 8-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 5-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 92 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից՝ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ի նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող Արարատ Միրզոյանին:

ԱՄԷ նախագահը եւ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ են կատարել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին, մտքեր փոխանակել նոր հեռանկարային ուղղություններով համատեղ ծրագրերի կյանքի կոչման շուրջ:

ՀՀ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ երկուստեք գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի եւ ԱՄԷ միջեւ առկա զգալի ներուժն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանում էմիրաթական ընկերությունների համար ստեղծված է անհրաժեշտ բարենպաստ գործարար միջավայր։

Հավելենք, որ անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նկրտումներով եւ ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու ջանքերին:

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՆՄՈՒՇԸ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը։ «Ժողովուրդ» օրաթերթին այս մասին տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ԿԸՀ-ն հաստատել է նաեւ մինչ այժմ ներկայացված թեկնածուների ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Աբգար Ալբաբյանը եւ «Ուժը հայրենյաց» կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչ Հովհաննես Զաքարյանը։ Հովհաննես Զաքարյանի դիմումը սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետեւաբար վերջինիս ներկայությունը նիստին պարտադիր չի եղել, իսկ Աբգար Ալբաբյանը նիստին մասնակցել է եւ հանձնաժողովին է ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ։

Հավելենք, որ, Ընտրական օրենսգրքով սահմանած ժամանակացույցի համաձայն, սեպտեմբերի 7-ին՝ 18։00-ին, ավարտվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի, ինչպես նաեւ ավագանու անդամի թեկնածու հանդիսացող անձանց ինքնաբացարկի դիմում ներկայացնելու ժամանակը, հետեւաբար ԿԸՀ-ն չի կարող այլեւս ինքնաբացարկի դիմումներ ընդունել։

ԿԸՀ-ն հաստատել է նաեւ ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու որոշումը։

Նշենք նաեւ, որ, մեկ այլ որոշմամբ, հանձնաժողովը հաստատել է Երեւանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ կազմակերպությանը հրավիրելու որոշումը։

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԱԾ-ի կողմից տարածած հաղորդագրությունից տեղեկանում, որ, նախագահի ընտրություններով պայմանավորված, հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն։

Մասնավորապես, հայտարարությունում ասվում է, որ միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների եւ ցույցերի անցկացման կոչեր են անում՝ այդկերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։

«Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել եւ Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը»,- ասվում է հայտարարությունում։

 




Լրահոս