«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, ձերբակալել են թմրանյութի քրեական գործի շրջանակներում։ Եվ, ահա, ՀՀ քննչական կոմիտեն այս գործից նոր մանրամասներ է հայտնում. «2023թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը՝ 19:30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ Երեւան քաղաքի Վարդանանց փողոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ձերբակալվել է Գարիկ Գալեյանը։ Վերջինս իր կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ եւ 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Նույն օրը, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2022թ. հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների ծնողների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ Երեւանի 48-ամյա բնակիչ Գ.Գալեյանը, եղբոր եւ մի խումբ անձանց հետ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, օգտագործելով այն առիթը, որ վավերագրական ֆիլմի նկարահանումների իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող Դ.Ս.-ն չի կատարում նկարահանումները դադարեցնելու իր պահանջները, նրան ցուցարարների, լրագրողների, ոստիկանների մոտ ստորացնելու նպատակով իր ձեռքում գտնվող շշի պարունակությունը ցուցադրաբար լցրել է վերջինիս գլխին: Այնուհետեւ, իր եղբոր եւ մի շարք անձանց հետ հայհոյանքներ եւ այլ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, հարձակվել են Դ. Ս.-ի վրա, պատռել նրա վերնաշապիկը, բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար Գ. Գալեյանին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 195-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։
Միացված վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 2023թ. սեպտեմբերի 8-ին Գ. Գալեյանին նոր մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 393-րդ հոդվածի 1-ին մասով։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա խախտել է ազատության մեջ մնալու պայմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաքննությունը շարունակվում է»:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել տրանսգենդեր անձին կյանքից զրկելու գործով: Մասնավորապես՝ մեզ հայտնի է դարձել, թե Քննչական կոմիտեում ինչ ցուցմունք է տվել 28-ամյա տրանսգենդեր անձին կյանքից զրկելու գործով կալանավորված, Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին պատմել է, որ ինքն է կյանքից զրկել 28-ամյա տրանսգենդերին, եւ մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Ըստ երիտասարդ տղայի՝ 20-ամյա տրանսգենդերն իրեն պարտք է եղել 400 հազար դրամ, ու պարտքը վերցնելու համար գնացել է նրա տուն: Վերջինս դուռը բացել է ու դանակով փորձել է հարվածել իրեն, ինքն էլ տրանսգենդեր անձի ձեռքից վերցրել է դանակը ու մի քանի հարված հասցրել նրան: Քննիչի այն հարցին՝ ինչու է այրել տունը, երիտասարդ տղան պատասխանել է, որ որեւէ բան չի հիշում, թե տան այրելը ինչպես է եղել:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր 28-ամյա տրանսգենդեր անձին կյանքից զրկելու դրդապատճառը։ Գրել էինք, որ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա տրանսգենդերը սպանության գործով ձերբակալված տղային պարտք է եղել, ու նրանց միջեւ պարտք ու պահանջի խոսակցություն է եղել։ Ավելին՝ քննությամբ պարզվել է, որ սպանվածն ու ձերբակալվածը «Կրիստալ» թմրանյութի ձեռք բերման ու իրացման գործընթացի մեջ են եղել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է: Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել էին դիակ: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ էր մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ էին հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՎԱԼԵՐՅԱՆԿԱ»-Ն ՈՒ ՊԱՐՏՔԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի՝ 1999 թվականի ծնված տղամարդը ինքնասպանության նպատակով խմել է 20 հատ «վալերյանա» տեսակի դեղահաբ, որից հետո ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղափոխել են Արմավիր բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա այդ քայլի պատճառը շատ պարտքեր ունենալն է։
ԳՈՂՈՆԸ ՀԱՅՏԱԲԵՐՎԵՑ
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 33 եւ 23 տարեկան եղբայրները Հրազդանի Միկրոշրջան թաղամասում՝ մի ավտոտնակի մոտից, գաղտնի հափշտակել են մետաղյա ճաղավանդակներ, խողովակներ եւ այլ իրեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գիշերվա ժամը երեքի կողմերը նրանք գողոնը բարձել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Ժամը 8.20-ին եղբայրներն ու «Ֆորդ Տրանզիտը» հայտնաբերվել են մոտակայքում: Հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածանքով՝ եղբայրները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՐԸ
Սեպտեմբերի 7-ին կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում գործող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ եւ 1 փամփուշտ։
Իրավապահները պարզել են, որ Երեւանի բնակիչ, 33-ամյա Արթուր Հ.-ն իր ծննդյան օրը «8-րդ հրաշալիք» ռեստորանում նշելու ժամանակ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։ Պարեկները հայտնաբերել են Արթուր Հ.-ին եւ տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ առանց փամփուշտների։
Կայքի փոխանցմամբ՝ կրակողը եղել է իր ընկերների հետ եւ կրակոցներ արձակելուց հետո իր ծննդյան առթիվ «գողական» խորհրդանիշով թխված տորթը չի հասցրել համտեսել։
Վերջինս ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։