«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ հաստատվել են 2023 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ 2023 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձեւով (էքստեռն) քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը ներառյալ:
Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թ. 3-րդ քննաշրջանի ընթացքում «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:
«Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն» առարկաների քննությունները հանձնում են բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում):
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2023 թվականի 3-րդ քննաշրջանի ընթացքում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:
«Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները հանձնում են բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում):
Նշենք, որ հիմնական կրթության վկայականում եւ միջնակարգ կրթության ատեստատում ավարտական եւ պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի:
Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետեւյալ սանդղակի՝
8-9 միավոր – 4
10-11 միավոր – 5
12-13 միավոր – 6
14-15 միավոր – 7
16-17 միավոր – 8
18-19 միավոր – 9
20 միավոր -10
Հավելենք, որ բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով եւ համարվում տարեկան գնահատականներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու եւ անցկացնելու գործընթացը վերահսկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
ՄԵԾ ԹԱՓՈՎ ԱԿՑԻԱՆԵՐ
«Վայլդբերիզ»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու դեմ տնտեսվարողները դեռ կշարունակեն իրենց բողոքի ակցիան։ Ըստ իրենց՝ հարցին պետք է ճիշտ լուծում տրվի: Հայ տնտեսվարողների պահանջը հետեւյալն է. կա՛մ «Վայլդբերիզ»-ը պետք է փակվի, կա՛մ մաքսազերծման գներն այնպես սահմանեն, որ կարողանան հավասար մրցակցություն ապահովել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսվարող Արման Թումասյանը նշեց, որ 2 ամսում չեն կարող նոր մասնագիտություն սովորել, որն իրենց խորհուրդ է տվել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այս ամենը հետո կհանգեցնի արտագաղթի, քանի որ շատ տնտեսվարողներ մի քանի ամիս հետո արդեն խնդիրներ են ունենալու բանկերի եւ շատ այլ կառույցների հետ: Մեր խանութներում գիտե՞ք, թե ինչ է կատարվում. դպրոցական իրերը չեն կարողացել վաճառել, եւ ներկա պահին մարդիկ ստիպված վաճառում են կա՛մ ինքնարժեքով, կա՛մ այնպիսի զեղչերով, որ կարողանան գումար հավաքել ու փախնել»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԸ ՓԱԿՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մ. Հերացու 2/5 հասցեում «Սի Փի Էս էներջի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել են հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության եւ անվտանգության համար։
Նշենք, որ հաշվի առնելով հրդեհային եւ տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել։
Հավելենք, որ սեպտեմբերի 8-ին տեսչական մարմնի, Երեւանի քաղաքապետարանի եւ Ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվեց, եւ այն ապամոնտաժվեց։
Բենզալցակայանը շահագործող ընկերության առջեւ պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու եւ չեզոքացնելու պահանջ է դրվել։
ՀԱՑԸ՝ ԿՏՐՈՆՈՎ
Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 5 կտրոնով:
Այն քաղաքացիները, որոնք չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3 եւ 4 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել սեպտեմբերի 9-ին:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԸՆՏՐԵՆ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` Երեւանի ավագանու ընտրությունների անկախ մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբի անդամները հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի եւ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում իրականացվել է մի շարք հարցերի առնչությամբ քննարկում, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված եւ ներկայումս հավանական խնդիրները, նախանշվել են համագործակցության ուղղություններ։
Անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի պատշաճ իրացմանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս տարի շուրջ 180 ընտրատեղամաս մատչելի կամ մասամբ մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար, բոլոր ընտրատեղամասերում առկա կլինեն բրայլյան կաղապարով քվեաթերթիկներ, որոնք հնարավորություն կտան տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին քվեարկել անձամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու հերթական ընտրություններին ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այդ օրն աշխատակազմն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետեւելով եւ արձագանքելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նաեւ դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ: