ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ՈՒ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կամիլի բնավորությանը տեղյակ լինելով՝ կարող եմ ասել, որ հնարավոր է եւ հետ գա մի օր»:

 

Արսեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է տարօրինակ սովորությունների, ոտքի վնասվածքի, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապի, նոր նախագծերի մասին:

-Չէի կարող զրույցը չսկսել ինձ եւ Ձեզ համար հոգեհարազատ վայրից՝ Վարդենիկից, որը երկուսիս ծննդավայրն է: Տարիներ առաջ տանը ծնվելը նորմալ էր, բայց Ձեր դեպքում դա  արարողակարգի է վերածվել: Ի՞նչպես է դա տեղի ունեցել:

-Երրորդ դեմքով պատմեմ. մեծ մայրիկիս պատմելով (քանի որ ինքը շատ տպավորիչ էր պատմում ամեն ինչ)՝ տանը եղել են մայրս, մեծ մայրիկս, քույրերս, եղբայրս: Կարելի է կես կատակ-կես լուրջ ասել, որ բարեկամական ինչ-որ կազմ եղել է այդուամենայնիվ, եւ այդ ձայներից վախեցած քույրերս ու եղբայրներս կուչ են եկել սենյակի մի անկյունում՝ անկողնու տակ՝ փոքր ինչ վախեցած, թե ինչ է կատարվում: Եկել է բուժքույրը՝ տատմերը, ում, ի դեպ, այսօր ճանաչում եմ. շատ երիտասարդ, հաճելի կին է: Նրա հետ ծանոթացրել եմ ավելի գիտակից տարիքում՝ ասելով, որ ինքն է ընդունել իմ ծնունդը: Եվ այդպես հայտնվել եմ այս աշխարհում, ինչի համար որ ուրախ եմ:

Բայց մի անգամ տարիներ առաջ, երբ Ֆրեզնոյում հարցազրույց էի տալիս մեր հայկական մամուլին ու շատ սովորական պատմեցի, որ տանն եմ ծնվել, իրենք դա վերնագիր էին դրել: Հետո ես ուսումնասիրեցի, եւ պարզվեց, որ այսօր աշխարհում ամենաթանկ ծնունդները տանը ընդունված ծնունդներն են:

-Հետաքրքիրն այն է, որ Դուք պատմում եք  Ձեր քույրերի, եղբայրների մասին: Դուք 4-րդ՝ վերջին երեխան եք, եւ չորսդ էլ ծնվել եք Վարդենիկում, երբ ապրելիս եք եղել Երեւանում: Դուք հիմա երեւանցի՞ եք, թե՞ վարդենիկցի:

-Ես ինձ երեւանցի եմ համարում, որովհետեւ ես Երեւանի հետ եմ կապված, եւ Երեւանի հետ է կապված իմ կյանքի  ամեն դրվագ, բայց, բնականաբար, ես նաեւ վարդենիկցի եմ: Ես վարդենիկցի եմ ոչ միայն նրա համար, որ այնտեղ եմ ծնվել, այլ նրա համար, որ  իմ արմատները այնտեղից են գալիս՝ իմ ծնողները, տատիկ- պապիկներս եւ այլն: Ես վարդենիկցի եմ, ինչի համար շատ ուրախ եմ:

-Վերջին անգամ ե՞րբ եք եղել Վարդենիկում:

-Անցած տարի՝ օգոստոսին:

-Այս տարի ինչու՞ չգնացիք:

-Երեւանում էի, կարծես ինչ-որ գործեր կային, բայց էլի գնալու եմ անպայման մոտ օրերս:

-Առաջ անցնելով՝ խոսենք Ձեր՝ 15-16 տարեկանից մենակ ապրելու մասին: Ինչ-որ պահից սկսած՝ չմեղադրեցի՞ք Ձեր ծնողներին մենակ թողնելու համար:

-Ոչ, ես շատ ճիշտ եմ համարում այն, որ մենակ եմ մնացել: Բացարձակ մեղադրելու ոչինչ չունեմ: Ասեմ ավելին՝ շատ շնորհակալ եմ  ծնողներիս դրա համար, որովհետեւ 15-ից երբ սկսեցի մենակ մնալ, իրենց հոգատարությունը եւս շարունակում էր ինձ հետ լինել:

Շարունակությունը՝ ArmLur.am  կայքում

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է

Երգչուհի, դերասանուհի Դալիթան օրերս  ինստագրամյան «Սթորի» բաժնում հրապարակում էր արել՝ տեղադրելով հիվանդանոցից լուսանկար: Դալիթան կից ոչինչ չէր նշել, ինչն անհանգստացրել էր նրա հետեւորդներին: Այսօր երգչուհին հայտնել է, որ իրեն լավ է զգում,  սակայն չի բացահայտել հիվանդանոցում հայտնվելու պատճառը. «Սիրելի՛ մարդիկ, արդեն ինձ ավելի լավ եմ զգում: Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության ու հոգատարության համար»,-գրել է նա:

Հավելենք, որ այս շրջանում Դալիթան նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Իրար դեմ» սերիալում:

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԿՄԱՍՆԱԿՑԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ԱԱ-ին կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն 35-ամյա Մաքսիմ Մանուկյանը, որը երկու տարի անց՝ մրցագորգ վերադառնալուց հետո, մայիսին հաղթել էր Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի ամբողջական կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Գեւորգ Թադեւոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ)։

Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 7 ըմբիշ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Նորիկ Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ) եւ Սերգեյ Սարգսյան (97 կգ)։

Հավելենք, որ Բելգրադն աշխարհի առաջնությունը կընդունի սեպտեմբերի 16-ից 24-ը։ ԱԱ-ն վարկանիշային է լինելու «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջեւ լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

 

 

ՆՈՐ ՄԵԴԱԼ

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն 20-ամյա Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

«Ժողովուրդ» օրաթերթը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ Սահակյանը երկամարտում գրանցել է 312 կգ արդյունք։ «Պոկում» վարժությունում նա 3-րդ փորձից բարձրացրել է 142կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ «Հրում» վարժությունում նա կրկին 3-րդ փորձից կարողացավ բարձրացնել 170կգ ծանրաձողը։

Սա Հայաստանի առաջին մեդալն է ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում։

 

 

 

ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

Սեպտեմբերի 7-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկեց երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցաշարը։

«Ժողովուրդ» օրաթերթին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մրցումների հենց առաջին օրը 60 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրու ՄՀԿ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը /մարզիչ` Նարեկ Սուքիասյան/, տանելով չորս հաղթանակ, գրավեց 3-րդ մրցանակային տեղը եւ նվաճեց բրոնզե մեդալ։

 

 

 

ՄԵՍՍԻՆ՝ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտերի Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է հաղթական մեկնարկը 2026թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 1:0 հաշվով պարտության էր մատնել Էկվադորի հավաքականին Մեսիի գոլի շնորհիվ։

«Գիտենք, որ մեզ բարդ հանդիպումներ են սպասվում որակավորման փուլում։ Էկվադորի հավաքականն ունի շատ լավ խաղացողներ, եւ նրանք գիտեն՝ ինչպես խաղալ։ Նրանք ֆիզիկապես շատ լավ են պատրաստված։

Շատ ծանր խաղ էր։ Մի փոքր հոգնել եմ, բայց ինձ լավ եմ զգում։

Մենք մի քանի ամիս առաջ ենք դարձել աշխարհի չեմպիոն, բայց պետք է շարունակենք պայքարը եւ պատրաստվենք ԱԱ-2026-ին։ Բոլորն են ցանկանում հաղթել Արգենտինայի հավաքականին»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հաջորդ հանդիպումն Արգենտինայի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Բոլիվիային։

 

 

 




Լրահոս