ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԽԵՄԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։ Մեր օրերում, երբ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց եղանակով, հանցավոր հակումներ ունեցող անձինք ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով մտածում են արժանահավատ մեխանիզմներ՝ օգտագործելով համացանցը։

 

ՆԳՆ ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում է, որ վերջին շրջանում, Արցախի պաշարման հետ կապված, ավելացել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հանցագործության դեպքերը: Մասնավորապես, սոցիալական ցանցերում Արցախի բնակիչներին հարմար գներով առաջարկում են ապրանքներ եւ խոստանում այն կարճ ժամանակահատվածում հասցնել Ստեփանակերտ:

Խարդախության եղանակով գումարը հափշտակելուց հետո արցախցի օգտատերերը հայտնվում են սեւ ցուցակում: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում այսօրինակ 2 հաղորդում է ստացվել: Խաբեությամբ շահույթ ստանալ ակնկալողները սոցցանցում ստեղծում են տարբեր անվանումներով կեղծ օգտահաշիվներ, որոնցում տեղադրում են գայթակղիչ հայտարարություններ:

Սեպտեմբերի 1-ին տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Բ.-ի դիմումն այն մասին, որ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, որը նամակագրության ընթացքում ձեռք է բերել էլեկտրական սկուտերի գնման պայմանավորվածություն, որից հետո «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատերը պահանջել է տերմինալի միջոցով «IDBank» ՓԲ ընկերության 43182900100**** բանկային քարտին փոխանցել ընդհանուր 156.000 ՀՀ դրամ էլեկտրական սկուտերի ձեռք բերման նպատակով:

Նույն օրը Ա. Բ.-ն տերմինալի միջոցով բանկային քարտին 156000 ՀՀ դրամ է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում Արցախի բնակչին պատճառվել է գույքային վնաս:

Սեպտեմբերի 5-ին վարչությունը ստացել է մեկ այլ դիմում Մարտակերտի շրջանի բնակիչ Հ.Ի.-ից: Օգոստոսի 31-ին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով վերջինս կապ է հաստատել «Arustamyan Andrey» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, որը «Messenger» հավելվածի միջոցով նամակագրության եւ զանգերի ընթացքում ձեռք է բերել բենզինի, ծխախոտի եւ ձեթի գնման պայմանավորվածություն, որից հետո վերջինս պահանջել է տերմինալի միջոցով 43182900922**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 200.000 ՀՀ դրամ գումար։

Պայմանավորված ապրանքը ձեռք բերելու նպատակով սեպտեմբերի 3-ին Հ?Ի.-ն տերմինալի միջոցով նշված բանակային քարտին ընդհանուր 200.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է ոմն Անդրեյ անունով ներկայացած անձի կողմից, ինչի արդյունքում Հ.Ի.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Նշենք, որ ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը կոչ է անում Արցախի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ նմանատիպ գործարքներից եւ չընկնել ծուղակը, իսկ տուժելու դեպքում դիմել ոստիկանություն։

 

 

 

ՔԱՈՍ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ Գայի անվան 129 դպրոցում  քաոս է տիրում, աշակերտները հայհոյում են ուսուցիչներին։ Ահազանգի հետքերով գնացել էինք դպրոց՝  հանդիպելու դպրոցի տնօրենի հետ: Վերջինս հերքեց այդ տեղեկությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  մեր անդրադարձից հետո դպրոցում թիրախավորել են ներառական կրթությամբ սովորող Գ. Դ.-ին։

Բարձր դասարանի աշակերտները թիրախավորել են աշակերտներին եւ ուսուցիչներին ավելի անկարգ պահվածքով։ Մեր հրապարակման հաջորդ օրվանից 9-րդ դասարանցիները ավելի նյարդային են դարձել: Ներառական կրթությամբ սովորող այս երեխայի նման շահագործումը առաջին դեպքը չէ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՈՉ ՈՔ ՉՀԱՆԴԻՊԵՑ

Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդները, որոնք բողոքում են նոր նախագծից, ըստ որի՝ վրացական պետհամարանիշներով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ երկքաղաքացիները պետք է որպես գրավ վճարեն մաքսազերծման ամբողջ գումարը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ ՊԵԿ-ից առայժմ որեւէ մեկը չի հանդիպել:

Նշենք, որ նրանք օգոստոսի 28-ին բողոքի ակցիա էին իրականացնում ՊԵԿ-ի դիմաց՝ պահանջելով չեղարկել քննարկման փուլում գտնվող օրենքի ընդունումը։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը նշել էր, որ նոր նախագծով մաքսային գրավի ամբողջ գումարը պետք է միանգամից թողնվի դեպոզիտ, որը դուրս գալուց հետ է վերադարձվելու:

Նշենք, որ այս թեմայի առնչությամբ երեկ Ազգային ժողովի նիստում ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանն ասել էր, որ կարգավորումը չի ենթադրելու, որ վրացական համարանիշներով մեքենաները պետք է պարտադիր մաքսազերծվեն. «Հարցը վերաբերում է այն թեթեւ մարդատար ավտոմեքենաներին, որոնք ժամանակավոր՝ մեկ տարով, ներմուծվում են Հայաստան: Ժամանակավոր ներմուծման պայման է հանդիսանում նաեւ նախապես ապահովում ներկայացնելը: Քանի որ մեկ տարին անցնելուց հետո այդ մեքենաները շարունակում են մնալ Հայաստանում, կառավարությունում քննարկվում է հարցի լուծման մի շարք տարբերակներ: Դա ոչ թե վերաբերելու է այն մեքենաներին, որոնք ներմուծվել են եւ պետք է պարտադիր մաքսազերծվեն, այլ ՊԵԿ-ի առաջարկն է այդ ապահովագրական ծածկույթը որպես ապահովում ներկայացնելու փոխարեն, կանխիկ գումարով դեպոզիտ ներկայացնել: Սա է եղել կարգավորումը, հարցը քննարկման փուլում է»:

 

 

 




Լրահոս