ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Արտաշատի մարզադաշտում տեղի է ունեցել Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարը:

 

Մրցաշարին ներկա էին նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Էմմիյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Մկրտիչ Կարապետյանը, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը եւ այլք։

«Ռոբերտ Էմմիյանի գավաթ» մրցաշարին այս տարի մասնակցում էին 11 հեռացատկորդ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից եւ Ուզբեկստանից:

Նշենք, որ 8.07 մետր արդյունքով հաղթողի կոչմանն արժանացավ  Ուզբեկստանի ներկայացուցիչ Անվար Անվարովը: 2-րդ մրցանակակիր դարձավ  ֆրանսիացի Յանն Դանիել Յանն Տանտելին (7.56 մ): Լավագույն եռյակը 7.48 մետր արդյունքով եզրափակեց հույն Անտոնիոս Ստիլիանիդիսը:

Հայ հեռացատկորդներից երեքն են հայտնվել տասնյակում՝

Հրաչյա Մինասյան – 6-րդ տեղ (6.93 մ),

Գոռ Հովակիմյան – 7-րդ տեղ (6.85 մ),

Արամայիս Սարգսյան – 9-րդ տեղ (6.66 մ):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ բարձր մակարդակով կազմակերպված մրցաշար էր հիմնովին վերակառուցված մարզադաշտում: Ստադիոնն աչք է շոյում, եւ այս պայմաններում մրցաշարի որակն էլ, բնականաբար, դրանից շահում է: Ցավոք, արդյունքները այնքան էլ բարձր չէին:

«Վնասվածքի պատճառով մրցաշարին չէր մասնակցում մեր առաջատար հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Սա մեզ համար ավանդական եւ ուժեղ մարզաձեւ է, համոզված եմ՝ առաջիկայում անպայման կունենանք մարզիկներ, որոնք բարձր կպահեն Հայաստանի պատիվը»,- նշեց Գիլոյանը:

Հավելենք, որ միջոցառման շրջանակում Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը խորհրդանշական գավաթներ հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարին, նախարարի տեղակալին, Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանին, նաեւ իր անձնական մարզչին։

Ռոբերտ Էմմիյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա ընդգծեց՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտն ու աթլետիկական վազքուղին հնարավորություն են տալու կազմակերպելու բազմաթիվ միջազգային մրցումներ։ Անվանի մարզիկի գնահատմամբ՝ նմանօրինակ պայմաններ ունենալը երազանք էր։

Նշենք նաեւ, որ «Ռոբերտ Էմմիյանի գավաթ» մրցաշարի բացման արարողությունից առաջ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը պարգեւատրել է նույն օրը՝ ավելի վաղ կայացած Գյումրու բաց առաջնության հաղթողներին եւ մրցանակակիրներին:

ԿԳՄՍ նախարարը նաեւ շրջայց  կատարեց Արտաշատի մարզադաշտում եւ ծանոթացավ արդեն կատարված եւ դեռ ընթացքի մեջ գտնվող վերանորոգման աշխատանքներին:

 

 

ԻՎԵՏԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Օրեր առաջ Իվետա Մուկուչյանը հանրությանը ներկայացրեց «Սեր կա երկնքում Երեւանի» երգն ու տեսահոլովակը:

Ավելի ուշ երգչուհու ինստագրամյան էջի «Սթորի» բաժինը սկսվեց ողողվել հոլովակներով, որոնք ուղեկցվում էին նոր երգով: Ավելին՝ երգչուհին խոստացավ բոլոր նրանց, որոնք իր երգի տակ հոլովակ կնկարեն, անպայման դիտել եւ պատահականության սկզբունքով ընտրել մեկին եւ երգել նրա որեւէ միջոցառմանը՝ հարսանիք, նշանադրություն եւ այլն: Հրապարակումով հանդես եկան շատերը՝ ինչպես հայտնիները, այնպես էլ սովորական մարդիկ, քաղաքացիները, սակայն ուշագրավներից մեկը ամերիկաբնակ երգչուհի Արմինկայի հրապարակումն էր: «Երեւան եմ ուզում»,- նկարին կից գրել է Արմինկան՝ նշելով Իվետա Մուկուչյանին եւ նրա երգը: Վերջինս էլ կիսվել է իր էջում՝ գրելով՝ «Երեւանը կարոտում է քեզ, Արմինկա ջա՛ն»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՅՏՆԻ Է ՀԱՂԹՈՂԸ

Վենետիկի 80-րդ կինոփառատոնի «Ոսկե առյուծին» արժանացել է ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Աղքատ-դժբախտները» ֆիլմը. հայտնում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն։ Ֆանտաստիկ մելոդրաման ի սկզբանե եղել է մրցութային ծրագրի ֆավորիտներից մեկը. ֆիլմում գլխավոր դերակատարներն են եղել Էմմա Սթոունը եւ Ուիլեմ Դեֆոն։

«Այս ֆիլմը պատմում է մի հրաշք արարածի մասին, եւ այն չէր լինի առանց Էմմա Սթոունի՝ մեկ այլ հրաշք արարածի: Այս ֆիլմն իրենն է, առանց նրա դա չէր լինի»,- մրցանակը ստանալիս ասել է Լանտիմոսը։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Սթոունը մարմնավորել է կնոջ դերը, ում մահից հետո կյանքի է վերադարձնում գիտնականը, որին մարմնավորում է Դեֆոն։ Դրա համար նա փոխպատվաստում է իր դեռեւս չծնված երեխայի ուղեղը:

Ֆիլմի ռեժիսոր Յորգոս Լանտիմոսը չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նա նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «The Lobster», «The Killing of a Sacred Deer», «The Favourite»:

Լավագույն ռեժիսորի մրցանակն այս տարի ստացավ իտալացի Մատեո Գարոնեն «Կապիտան» ֆիլմի համար։ Սա աֆրիկացի միգրանտների պատմությունն է դեպի Եվրոպա: Ֆիլմի գլխավոր դերերից մեկի կատարողը՝ սենեգալցի Սաիդու Սարը, որպես երիտասարդ դերասան ստացել է Մարչելո Մաստրոյանիի մրցանակը։

Հավելենք, որ կինոփառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Չարը գոյություն չունի» ճապոնական ֆիլմը։ «Վոլպիի գավաթը» որպես լավագույն դերասանուհի ստացավ Կեյլի Սփենին, որը խաղացել է Էլվիս Փրեսլիի կնոջ մասին պատմող «Պրիսցիլա» ֆիլմում։ Լավագույն դերասան անվանակարգում մրցանակի դափնեկիր է դարձել Պիտեր Սարսգարդը՝ Միշել Ֆրանկոյի «Հիշողություն» ֆիլմում կատարած աշխատանքի համար։

 

 

 

ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԸ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 11-ին Հայաստանը ունեցավ 2  ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս եկան Եվրոպայի չեմպիոններ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ):

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մասնակցում է 14 ծանրորդով:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Լիանա Գյուրջյանը (81 կգ),  Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, որ երկամարտի 312 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր (142 +170):

 

 

 

Ո՞Վ ԿԼԻՆԻ ՄԱՐԶԻՉԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, 36-ամյա գերմանացի Յուլիան Նագելսմանի թեկնածությունը. հաղորդում է գերմանական Bild-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ճապոնիայի հավաքականի հետ ընկերական խաղում կրած 1:4 հաշվով պարտությունից հետո DFB-ն գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկին։ Նախորդ 6 խաղերում Բունդեսթիմը 4 պարտություն է կրել, 1 խաղ ավարտել ոչ-ոքի, տարել 1 հաղթանակ։

Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 12-ին աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում Գերմանիայի հավաքականը կղեկավարի Բունդեսթիմի մարզական տնօրեն, 63-ամյա գերմանացի Ռուդի Ֆյոլերը, որը ազգային թիմը գլխավորել է 2000-2004 թվականներին՝ դառնալով 2022թ. աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

 




Լրահոս