Ստամբուլի առավել ծանր հանցագործությունների գծով դատարանը Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Իլկեր Բաշբուղայի ազատ արձակման հրաման է ստորագրել: Հիշեցնենք, որ վերջինս դատապարտվել էր ցմահ բանտարկության անցած տարի օգոստոսին Թուրքիայում իշխանափոխության փորձին մասնակցելու համար:
Բաշբուղայի ազատ արձակումը հնարավոր դարձավ նրա իրավաբանների կողմից վճռի բողոքարկումից և Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից գեներալի ձերբակալությունը որպես նրա իրավունքների և ազատությունների ոտնահարում ճանաչելուց հետո:
Բաշբուղայի իրավաբանը հայտարարել է, որ հաջորդ քայլը լինելու է գեներալի արդարացմանը հասնելը: Փետրվարին Բաշբուղայի իրավաբանները դիմել էին դատախազություն ՝ խափանման միջոցը փոխելու համար, և դատախազությունը բավարարել է այս միջնորդությունը:
Դեռ հունվարի սկզբին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է համարում «Էրգենիկոն» -ի և «Մուրճ»-ի գործով ձերբակալվածների գործերի վերանայումը: Այս գործով հարցաքննություն են անցել մոտ 300 մարդ, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և այլք:
2013 թվականի օգոստոսին կայացած ամփոփիչ դատավարությունից հետո 19 մարդ դատապարտվեցին ցմահ բանտարկության. մյուս 275 -ը դատապարտվեցին մեկ տարի երեք ամսից մինչև 117 տարվա բանտարկության ՝ ահաբեկչության, ահաբեկչություն իրականացնելու մեջ աջակցություն ցույց տալու և հակապետական գործունեություն իրականացնելու մեղադրանքներով:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: